top of page

Էրդողանն ուկրաինական բանակը զինում է ընդդեմ ՌԴ-ի

Oct 1, 2021
2 min read


Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը եւ Bayraktar Savunma ընկերությունը հուշագիր են ստորագրել Կիևի մարզում թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերի սպասարկման եւ անձնակազմի վերապատրաստման կենտրոն կառուցելու վերաբերյալ:


Թուրք-ուկրաինական հարաբերությունները զարգանում են՝ ընդգրկելով տնտեսական, էներգետիկ, ռազմաքաղաքական ոլորտներ: Նշենք, որ 2020թ.-ի դրությամբ Թուրքիան առաջատարն էր՝ Ուկրաինայում կատարված ներդրումների առումով: Ուկրաինայում գործում է մոտ 700 թուրքական ընկերություն: Թուրքական ներդրումներն այդ երկրում կազմում են 3.6 միլիարդ դոլար:


Թուրքիայի համար Ուկրաինան հետաքրքիր է որպես մեծ, նոր շուկա, երկիր, որն ունի ելք դեպի Սև ծով, և թուրքական շահերն այստեղ համընկնում են դեպի ՆԱՏՕ ձգտող Կիևի գեոպոլիտիկ շահերի հետ: Դրան զուգահեռ, Անկարան և Կիևը չեն ճանաչում Ղրիմի թերակղզու միավորումը ՌԴ-ին: Անկարան Ղրիմն ընկալում է որպես թուրքական կենսական շահերի տարածք՝ նախկին Օսմանյան կայսրության ազդեցության գոտի: Թուրքիան աջակցում է Ղրիմի թաթարներին՝ նրանց օգտագործելով որպես ազդեցության լծակ՝ այդ թվում Մոսկվայի դեմ:


Թուրքերի համար Ուկրաինան հակառուսական պլացդարմ է․ թուրքական ԱԹՍ-ների միջոցով Կիևը կարող է փորձել վերադարձնել Դոնբասն ու Ղրիմը: Դա, իհարկե, հանգեցնելու է ռուսական ռազմական արձագանքին, սակայն այդ ամենը տեղավորվում է Արևմուտք-ՌԴ proxy war-ի մեջ, որի թատերաբեմերից էր Արցախը, որտեղ Արևմուտքը ռուսական կողմին Հարավային Կովկասից դուրս է մղում թուրքերի ձեռքերով։ Այսօր էլ այդ թատերաբեմը տեղափոխվում է սևծովյան տարածաշրջան:


Ուկրաինայի համար թուրքական 80 միլիոնանոց շուկան կարևոր է սեփական ապրանքներն արտահանելու տեսանկյունից, ինչպես նաև ռազմաքաղաքական առումով, ի դեմս ՆԱՏՕ-ական Թուրքիայի, Կիևն ունի ռազմավարական դաշնակից: Թուրքական ռազմատեխնիկական աջակցությամբ ուկրաինական բանակը ցանկանում է հսկողություն հաստատել Դոնբասի և հնարավորության դեպքում նաև Ղրիմի նկատմամբ:


Հիշեցնենք, որ Ուկրաինան ռազմավարական կապեր ունի նաև Թուրքիայի կրտսեր եղբայր, սատելիտ Ադրբեջանի հետ: Այդ առումով Թուրքիա-Ուկրաինա-Ադրբեջան եռանկյունին Արևմուտքի կողմից օգտագործվելու է՝ հետխորհրդային տարածքից ռուսական ազդեցությունը չեզոքացնելու համար: Արևմուտքը պանթուրքական ռազմավարությունն օգտագործելու է Իրանի և ՌԴ-ի դեմ: Կենտրոնական Ասիայից ռուսական ազդեցության չեզոքացման պարագայումպանթուրքական ծրագրեր են իրականացվելու նաև Չինաստանում՝ ույղուրաբնակ Սինցզյանում:


Այսպիսով, թուրք-ուկրաինական դաշինքի հիմքում ընկած է գեոպոլիտիկան՝ ՌԴ-ի ազդեցությունը զսպելն ու Սև ծովը ՆԱՏՕ-ական ծովի վերածելը: Անկարան փորձելու է ուկրաինական բանակի միջոցով հետ բերել Ղրիմը՝ այնտեղ թուրքական գերիշխանություն հաստատելու համար:



Արտյոմ Բալասանով

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page