Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան միջանցքի գլխավոր շահառուն Արևմուտքն է
- Jun 2, 2021
- 1 min read
Թուրքիան Վրաստանին համարում է տարածաշրջանային համագործակցության առանցքը և պատրաստակամություն է հայտնում աջակցել ցանկացած եռակողմ ձևաչափին, այդ թվում՝ Վրաստան-Ադրբեջան-Հայաստան: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ Անկարայում կայացած հանդիպման ավարտին:
Թուրքիան շարունակում է խորացնել կապերը Վրաստանի հետ՝ դիտարկելով այդ երկիրը, որպես կամուրջ դեպի Ադրբեջան, թյուրքախոս Կենտրոնական Ասիա, նավթով ու գազով հարուստ կասպյան տարածաշրջան:
Թուրք-ադրբեջանական տանդեմը տասնամյակներ շարունակ փակ է պահել Հայաստանի հետ սահմանները, որպեսզի թուլացնի հայկական տնտեսությունը, նպաստի արտագաղթին, թույլ չտա Հայաստանին միանալ տարածաշրջանային էներգետիկ-տրանսպորտային նախագծերին:
Էրդողանի մեսիջը Հայաստանի մասով կրում է ավելի շատ քարոզչական բնույթ, քանի որ Անկարայի համար Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան առանցքն առաջնային է, քանի որ գտնվում է Ռուսաստանի ազդեցությունից դուրս, իսկ Հայաստանի ներգրավվումը Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ համագործակցությանը հանգեցնելու է նաև ռուսական ազդեցության մեծացմանը տարածաշրջանում, ինչը թույլ չեն տա Թուրքիայի վրա մեծ ազդեցություն ունեցող անգլոսաքսոնական ուժերը: Արևմուտքը ցանկանում է Թուրքիայի տնտեսական, դեմոգրաֆիկ, ռազմական ներուժի վրա հենվելով դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից, այդ թվում Հայաստանից:
Երևանը պետք է ակտիվացնի Հյուսիս-Հարավ առանցքը Ռուսաստան—Վրաստան-Հայաստան-Իրան ուղղությամբ՝

դառնալով կապող օղակ Պարսից ծոց-Սև ծով միջանցքում: Թուրք-ադրբեջանական տանդեմը միլիարդներ է ներդրել Վրաստանի տարածքով էներգետիկ-տրանսպորտային միջանցքներ կառուցելու համար, որոնք շրջանցում են Հայաստանը: Անկարան և Բաքուն չեն պատրաստվում հրաժարվել այդ կարևորագույն միջանցքից հօգուտ Հայաստանի տարածքով տարանցման՝սահմանների հնարավոր ապաշրջափակման պարագայում:
Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան-Կենտրոնական Ասիա՝ Արևելք-Արևմուտք լոգիստիկ միջանցքի գլխավոր շահառուն Եվրոպան է, որը ցանկանում է ունենալ ելք դեպի կասպյան նավթագազային տարածաշրջան և TANAP ծրագրի ու Տրանսկասպյան միջանցքի կյանքի կոչումը դրա վառ ապացույցն է:
Վերլուծությունը՝ Արտյոմ Բալասանովի
Comments