top of page

Կտրող-ծակող գործիքով սրտի վնասվածք ստացած պացիենտի կյանքը հաջողվել է փրկել

Sep 6, 2021
1 min read


Կտրող-ծակող գործիքով սրտի վնասվածք ստացած 49-ամյա տղամարդը «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել շտապօգնության մեքենայով, ծայրահեղ ծանր՝ անգիտակից վիճակում, կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերքով: Մինչ բժշկական կենտրոն հասնելն արդեն իսկ կատարվել էր սիրտ-թոքային վերակենդանացում, հիվանդն անցկացվել էր արհեստական շնչառության: Այդ մասին հայտնում է «Էրեբունի» ԲԿ-ի մամուլի ծառայությունը։


«Հիվանդը շտապ հետազոտվել է, ինչի արդյուքնում պարզվել է, որ ծակող-կտրող գործիքով ստացված հարվածի հետևանքով վնասվել է կրծքավանդակի ձախ կեսը՝ թոքը, պերիկարդը և սիրտը: ՀՇ հետազոտությամբ ախտորոշվել է հեմոպերիկարդ, սրտի հնարավոր տամպոնադա, հեմոպնևմոթորաքս: Անհապահ և կյանքի ցուցումով հիվանդը տեղափոխվել է վիրասրահ՝ վիրահատության:


Վիրահատությունը սկսել են կրծային վիրաբույժ Գոռ Մելիքյանը և ընդհանուր վիրաբույժ Արտակ Վարդանյանը, անեսթեզիան ապահովել է Արթուր Հովհաննիսյանը: Նախ կատարվել է ձախակողմյան թորակոտոմիա, պերիկարդոտոմիա, սրտի տամպոնադայի վերացում։ Բացի այդ, հայտնաբերվել է սրտի ձախ փորոքի գագաթի մեծ վնասվածք։ Հաշվի առնելով հիվանդի ծանրության աստիճանը և վիրահատական բարդ դեպքը՝ վիրահատությունը շարունակվել է «Էրեբունի» ԲԿ վիրաբուժության գծով փոխտնօրեն Արա Վարդանյանի անմիջական մասնակցությամբ և ղեկավարությամբ:

Դեպքը առանձնահատուկ էր և հատկանշական, քանի որ սրտամկանը կազմափոխված էր, ինչը կարող էր նախկինում տարած միոկարդիտի հետևանք լինել։ Վիրահատության արդյուքնում հաջողվեց կարել սրտամկանը` օգտագործելով պերիկարդի լաթեր և հարսրտային ճարպաբջջանք: Բարդ վիրահատության ընթացքում հնարավոր եղավ փրկել հիվանդի կյանքը։

Ընդհանուր առմամբ, կատարվել է ձախակողմյան թորակոտոմիա, պերիկարդոտոմիա, սրտի տամպոնադայի դատարկում, սրտամկանի վնասվածքի կարում պրեկարդիալ ճարպաբջջանքի կիրառումով, թոքի միջանցիկ վնասման կարում, պերիկարդի թերթիկների հեմոստազ, պերիկարդի և պլևրալ խոռոչի սանացիա, պլևրալ խոռոչի երակի դրենավորում: Վիրահատությունից հետո հիվանդը ստացել է ինտենսիվ դեղորայքային բուժում: Երկու շաբաթ հետո տղամարդն ապաքինմամբ դուրս է գրվել»:



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page