Հոկտեմբերին Երևան կհասնի 211 նոր ավտոբուս, իսկ մինչ այդ կերթևեկենք «խտացեք՝ խցկվեմ» սկզբունքով

Նոր ուսումնական տարվա մեկնարկը երևանաբնակներին կանգնեցրեց հանրային տրանսպորտի հավերժ թվացող խնդրի առաջ։ Առավոտյան ժամերին ավտոբուսներում անգամ մեկ ոտքի վրա կանգնելու տեղ գտնելն ու աշխատանքի հասնելը, կարծես, բարեբախտություն լինի։
Թե երբ է կարգավորվելու հանրային տրանսպորտի խնդիրը, երբ են Երևան հասնելու 8,6 մետրանոց նոր ավտոբուսները, որոնց մասին խոսվում է դեռ տարեսկզբից, MediaHub.am-ը փորձեց պարզել Երևանի քաղաքապետարանից։
«Քաղաքապետարանը սպասում է, որ Չինաստանից պատվիրված 211 ավտոբուսը հասնի Հայաստան, հիմա ճանապարհին են՝ նավի վրա»,- մեզ հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Հարցին, թե երբ մեր երկրում կլինեն նոր ավտոբուսները, Հակոբ Կարապետյանը պատասխանեց՝ հոկտեմբերին կհասնեն Երևան։
«Բայց դա չի նշանակում, որ հոկտեմբերին այդ ավտոբուսները երթուղի դուրս կգան։ Մենք, իհարկե, ամեն ինչ կանենք, որ շատ արագ լինի գործընթացը»,- ասաց նա։
Նշենք նաև, որ դեռ փետրվարին Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարել էր, որ սեպտեմբերին Երևանի փողոցներ դուրս կգա 8,6 մետրանոց 161 նոր ավտոբուս։
Թե ինչու սեպտեմբերը փոխարինվեց հոկտեմբերով, քաղաքապետարանից պարզաբանեցին՝ տարեսկզբին արված հայտարարությունում, հնարավոր է, այդպես նշված լինի, այն մտքով, որ ակնկալվում է տարվա երկրորդ կեսին, մոտավորապես, սեպտեմբեր-հոկտեմբերին Հայաստան հասնեն։


























Comments