ԵԽԽՎ զեկուցողին ներկայացվել են Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների ապացույցներ
- May 24, 2021
- 1 min read

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը 2021թ. մայիսի 21-ին ընդունել են ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովի նշանակած զեկուցող Պոլ Գավանին և ԵԽԽՎ Միգրացիայի հանձնաժողովի քարտուղարության ղեկավար Մարկ Նեվիլին, որոնք Հայաստանի Հանրապետությունում են «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» զեկույցի նախապատրաստման շրջանակներում:
Արման Թաթոյանը և Գեղամ Ստեփանյանը ԵԽԽՎ զեկուցողին են ներկայացրել ադրբեջանական պատերազմական հանցագործություններ և հայատյացության ապացույցներ, և նշել, որ առանց Արցախ նրա այցի` զեկույցն օբյեկտիվորեն լիարժեք չի կարող լինել:
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն իր հերթին նշել է, որ մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունները պետք է այցելեն Արցախ՝ այնտեղ ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության նպատակով։ ԵԽԽՎ-ն ինքն ունի բանաձևեր, որոնցով կարևոր է համարում ԵԽ տարածքում մարդու իրավունքների պաշտպանությունը անկախ պետության ճանաչված լինելուց:
Միջազգային կառույցներին են ուղարկվել շուրջ 300 տեսանյութի և լուսանկարի վերլուծություն հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական վայրագությունների, հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման ու անարգանքի, արգելված զինատեսակների կիրառման վերաբերյալ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում սահմանների հետ կապված լարված իրավիճակին: Նա ներկայացրել է Սյունիքում և Գեղարքունիքում իր փաստահավաք աշխատանքների արդյունքները՝ կապված ՀՀ ինքնիշխան տարածքում 2021թ. մայիսի 12-ից ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայության պատճառով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների հետ:
Ա.Թաթոյանը, ներկայացելով ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքները, եզրահանգել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած ապացույցները հաստատում են անվտանգության գոտի ստեղծելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի բացարձակ անհրաժեշտությունը` ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները երաշխավորելու նպատակով:
Հանդիպման ավարտին կողմերը հետագա համագործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել:


























Comments