Գագիկ Բեգլարյանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել. «Փաստինֆո»

Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը 50 միլիոն դրամի չափով գրավի դիմաց ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության Հանրային կապերի բաժնից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, թե Մոսկվա-Երեւան չվերթով ժամանելուց հետո օդանավակայանում ձերբակալվել է Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, որը հետախուզման մեջ էր գտնվում շուրջ մեկ տարի։
Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ Բեգլարյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը օգտագործել է ծառայության շահերին հակառակ և դրա օգտագործմամբ յուրացրել է առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը՝ 233.470.000 ՀՀ դրամ արժողությամբ՝ Երևան քաղաքի Թամանյան փողոցում գործող մանկապարտեզը:
Բեգլարյանի փաստաբան Հրանտ Անանյանը «Փաստինֆո»-ին հայտնել էր, որ Բեգլարյանը վաղօրոք դիմում է ներկայացրել իրավապահներին և ինքնակամ ժամանել ՀՀ, ներկայացել քրեական վարույթ իրականացնող մարմին։
Դատախազության Հանրային կապերի բաժնից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ ՀՀ դատախազության դեպոզիտ է մուծվել առաջադրված մեղադրանքի համաձայն՝ պետության պատճառված վնասին համարժեք գումար:
«Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրյալ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը 50.000.000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամի չափով գրավով փոխելու մասին»,- նշեցին դատախազությունից:























Comments