Հուլիսին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 2-3 աստիճանով․ Գագիկ Սուրենյան

Կանխատեսվում է, որ հուլիսը նույնպես կլինի շոգ։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 2-ին, հայտնեց Գագիկ Սուրենյանը։
«Հուլիսին հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 2-3 աստիճանով։ Պայմանավորված տաք օդային հոսանքների ներթափանցմամ՝բ հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում՝ Արարատյան դաշտում և Երևանում, կրկին առանձին օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա և կհասնի +40- +41 աստիճանի, բայց, ի տարբերություն հունիսի, ամսվա մեջ կունենանք օրեր, երբ սառը օդային հոսանքների ներթափանցում կլինի։ Այսինքն՝ չի բացառվում, որ ժամանակ առ ժամանակ շոգերը կընդհատվեն Սև ծովից եկող սառը օդային հոսանքներով, որոնք հանրապետության առանձին հատվածներում կառաջացնեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ»,- ասաց Սուրենյանը։
Սուրենյանը նշեց, որ առաջիկա օրերին սպասվում է հերթական տաք օդային հոսանքների ներթափանցումն Իրաքի տարածքից, ջերմաստիճանը կտրուկ բարձրանալու է։
«Հուլիսի 4-ին կունենանք +40- +41 աստիճան Երևանում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովտային գոտիներում, բայց դա կարճ կտևի, որովհետև հուլիսի 6-ից սկսած՝ օդային հոսանքները կփոխեն իրենց ուղղությունը, կնահանջեն՝ տեղը զիջելով Սև ծովից եկող համեմատաբար սառը օդային հոսանքներին և օդի ջերմաստիճանը կսկսի նվազել», ասաց նա։
Ըստ Սուրենյանի՝ հուլիսի 6-7- ն ընկած ժամանակահատվածում կունենանք ջերմաստիճանի անկում մոտ 4-5 աստիճանով, և հանրապետության ամենատաք գոտիներում կլինի 35-36 աստիճան։























Comments