top of page

Հոգևոր առաջնորդներիս ջանքերը պիտի հետապնդեն փոխըմբռնման մթնոլորտ ձևավորելու նպատակ. Գարեգին Երկրորդ

Oct 13, 2021
1 min read


Հոգևոր առաջնորդներիս աղոթքներն ու ջանքերն այսօր պիտի հետապնդեն համերաշխության ու փոխըմբռնման մթնոլորտ ձևավորելու նպատակ, որպեսզի թոթափվի լարվածությունը և Բարձրյալը օրհնի մեր կյանքը Իր խաղաղությամբ, ողորմությամբ և առատ շնորհներով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հոկտեմբերի 13-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն)՝ Ս. Դանիելի պատրիարքանիստ վանքում, միջնորդությամբ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի, տեղի ունեցած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպմանը։ Ըստ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի՝ 1988 թվականից սկսած սա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ այս ձևաչափով 17-րդ հանդիպումն էր:


Աղբյուրը հայտնում է, որ հանդիպումը բացվել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի բացման խոսքով. «Մենք հավաքվել ենք այսօր քննարկելու Լեռնային Ղարաբաղում բազմամյա հակամարտության հետևանքների հաղթահարման խնդիրը, որում ներգրավված են Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդները: Շուրջ երեսուն տարվա ընթացքում մենք` հոգևոր առաջնորդներս, ջանում ենք, որպեսզի մեղմենք այս ողբերգական հակամարտությունը: Աստծուց կոչված ենք քարոզելու սեր և ողորմություն, անգամ երբ դա դժվար իրականանալի է թվում:


...Քաջ հայտնի է, որ հոգևոր կյանքի ոլորտը մարդու համար ամենազգայունն է: Ցավոք, կան մարդիկ, որոնք բռնությունը, դաժանությունն ու արյունահեղությունն արդարացնում են կրոնով: Եվ մենք կոչված ենք համատեղ միանշանակ պատասխան տալ կրոնը և պատերազմը միմյանց կապելու փորձերին»։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page