Թշնամին կարո՞ղ է թունավորել Վարդենիսի ու որոշ գյուղերի խմելու ջուրը․ Համայնքապետը պարզաբանում է
- May 17, 2021
- 2 min read

Ինչպես արդեն հայտնել ենք, արդեն 5 օր է, ինչ թշնամին հատել է ՀՀ պետական սահմանը և Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերի որոշ հատվածներում մինչև մի քանի կիլոմետր, առաջացել։
Ի թիվս անվտանգային մի շարք հարցերի, Վարդենիսում լայն քննարկվում է նաև բնակավայրը և շրջակա 7 գյուղերը խմելու և ոռոգման ջրերով ապահովող ջրամբարների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելու հանգամանքը։
MediaHub.am-ի թղթակցի հետ զրույցում Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն անդրադառնալով ջրամբարի՝ թշնամու վերահսկողության տակ հայտնվելուն՝ նշեց․ «Ընդհանրապես գիտեք, որ ջրերը սարերից են իջնում, իսկ եթե սարերում՝ բարձունքի վրա նստած է ադրբեջանցին, արդեն ջրերը վտանգի տակ են հայտնվում։ Հենց այս պահին այդ ջրամբարները իրենց վերահսկողության տակ չեն, բայց նշանակետի տակ է հայտնվել։ Հիմա չգիտենք՝ ինչ կարող է լինել»։ Հակոբ Ավետյանի կարծիքով նախկինում էլ ջրի պահպանությունը կարևոր հարց է եղել: Նա հայտնում է, որ միշտ էլ հետախուզական ուժերը կարող են թունավորել Հայաստանի ջրամբարները:
Ճշտող հարցին՝ այս պահի դրությամբ թշնամին ցանկության դեպքում կարո՞ղ է թունավորել ջուրը՝ Ավետյանը պատասխանեց․ «Չեն կարող, քանի որ մեր բանակը ջրերը ավելի ուժեղ է վերահսկում, այն տարածքները, որոնք որ կարևոր են, լիարժեք վերահսկվում են։ Ինչ վերաբերում է Վարդենիսի ու 7 գյուղերի ջրերն ապահովող ջրամբարին, որի մասին խոսվում է, ես Վերին Շորժայի մասով ոչինչ չեմ կարող ասել, բայց իմ համայնքի գյուղերի մասով կարող եմ միայն ասել՝ այնպես չէ, որ ջրի ակունքները իրենց ձեռքի տակ են հայտնվել, վտանգը կա միշտ, որ կարող են մոտենալ, հսկողությունն էլ կա, բայց զգուշանում ենք, զգոնություն է պետք»։
Անդրադառնալով Գեղամասար համայնքի Նորաբակ ու Կութ համայնքների տարածքում թշնամու զորքերի տեղաշարժին՝ Ավետյանը նշեց․ «Որքան առաջ էին եկել, իրենց տեղում կանգնած են, մեր զորքերը իրենց առջև կանգնած են ու չեն թողնում, որ ավելի առաջ գան, բայց նաև ուժ չեն գործադրում, ռազմական միջոցների չեն դիմում, հիմա հույս ունենք, որ բանակցությունների միջոցով կարող է լուծվել այդ հարցը։ Նրանք դեռ չեն նահանջել, իրենց տեղերում կանգնած են»։
Ավետյանը նշեց, որ վերջին անգամ երեկ է եղել նշված հատվածներում և պատրաստվում է այսօր էլ գնալ, հայտնելով, որ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սայոսյանը ևս ամեն օր անձամբ է ծանոթանում դիրքերում տիրող իրավիճակին։
Comments