Իշխանությունները գտել են Գեղամասարի ղեկավարից «ազատվելու» տարբերակը
- Sep 2, 2021
- 1 min read

Այսօր կառավարության նիստում փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ Հայաստանում շարունակվելու են վարչատարածքային փոփոխությունները, և դեկտեմբերին արդեն կունենանք նոր միավորված համայնքներ։
MediaHub.am-ի տեղեկություններով` կառավարությունը ցանկանում է նաև Գեղարքունիքի մարզի՝ արդեն խոշորացված Գեղամասար և Վարդենիս համայնքները միավորել։ Գեղամասար խոշորացված համայնքը բաղկացած է 18 գյուղից։ Վարչատարածքային նոր փոփոխությունը ենթադրում է, որ Գեղամասարը պետք է միավորվի Վարդենիսին։ Արդյունքում Վարդենիս համայնքը բաղկացած է լինելու 35 գյուղից։
MediaHub-ի աղբյուրի փոխանցմամբ՝ այս խոշորացմամբ իշխանությունները փորձում են «ազատվել» Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանից, քանի որ նա ընտրությունների ժամանակ սատարում էր «Հայաստան» դաշինքին՝ ստանձնելով տարածքային գրասենյակի ղեկավարությունը։
Նշենք, որ Հակոբ Ավետյանն ընտրություններից հետո մի քանի անգամ հրավիրվել է ԱԱԾ։
Ավետյանը 2017 թ․ նոյեմբերի 5-ին ընտրվել է Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար՝ 5 տարի ժամկետով։
Արմինե Նավոյան
Comments