Արցախցին երբե՛ք, կրկնում եմ` երբե՛ք չի ապրել և չի կարող խաղաղ ապրել Ադրբեջանի հետ․ Արցախի ՄԻՊ
- Jul 16, 2021
- 1 min read

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տարբեր առիթներով հայտարարությունները և ընդհանրապես այն հռետորաբանությունը, որն օգտագործվում է ադրբեջանական իշխանությունների կողմից, հստակ ցուցիչ են, որ խաղաղ գոյակցության մասին ցանկացած հեռանկար ուղիղ իմաստով անդառնալի հետևանքներ է պարունակում, վտանգի տակ է դնում Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքներն ու ազատությունները և առաջին հերթին ժողովրդի անվտանգությունը, կյանքն ու արժանապատվությունը։
Արցախցին երբեք, կրկնում եմ` երբեք չի ապրել և չի կարող ապրել Ադրբեջանի հետ խաղաղությամբ, սա տարիների դառնությամբ և բազմադրվագ ու հանցավոր իրադարձություններով փաստագրված իրողություն է:
Միջազգային հանրությունը պետք է վերջնականապես ընկալի, որ պարզապես չի կարող լինել խաղաղ գոյակցություն այն ժողովուրդի հետ, որը տարիներ շարունակ սնվել է հայատյացության աննկարագրելի ծավալի հասնող «թույնով», որն ընդամենը ամիսներ առաջ իրականացրել է ամենադաժան պատերազմական հանցագործությունները՝ թիրախավորելով Արցախի գրեթե բոլոր քաղաքացիական բնակավայրերն ու բնակչությանը, խոշտանգել և անմարդկային վերաբերմունքի է արժանացրել հայ ռազմագերիներին և զոհված զինծառայողների մարմինները։
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակում ամեն օր խախտվում են Արցախի ժողովրդի իրավունքները, իսկ Ալիևը խոսում է հակամարտության լուծված լինելու մասին ու սպառնում նոր պատերազմով։ Այդ երևույթի գոյության հիմնական պատճառն այն է, որ Ադրբեջանի կողմից 2020 թվականի աշնանը Արցախի խաղաղ բնակչության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմն առ այսօր իրավական հստակ գնահատականի չի արժանացել։
Եթե Ալիևը 30 տարիների ընթացքում չի հասկացել, որ հակամարտությունը չի կարող լուծված համարվել Արցախի հայության իրավունքների հաշվին, ուրեմն նրան պետք է պարտադրել այդ լուծումը»։


























Comments