Կարեն Գիլոյանը հայ-սերբական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ է տեսնում սպորտի բնագավառում
- Jun 3, 2021
- 1 min read

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության ժամանակավոր հավատարմատար Տատյանա Պանայոտովիչին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Աշխատանքային հանդիպման օրակարգում եղել են սպորտի ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Ողջունելով դիվանագետին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ Հայաստանն ու Սերբիան ունեն պատմական և քաղաքակրթական ընդհանրություններ, ինչն ամուր հենք է՝ բարեկամական կապերի զարգացման և ընդլայնման համար: ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված է Սերբիայի՝ հատկապես խաղային մարզաձևերի զարգացման հարցում ունեցած հաջող փորձով.
«Ի թիվս մի շարք այլ ոլորտների՝ հայ-սերբական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն նաև սպորտի բնագավառում: Բարձր ենք գնահատում Սերբիայի՝ խաղային մարզաձևերի՝ հանդբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի և այլնի, զարգացման գործում ունեցած մեծ փորձը և պատրաստ ենք ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ փորձի փոխանակմանն ուղղված և այլ համատեղ ծրագրերի իրականացման համար»,-ասել է նա:
ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության ժամանակավոր հավատարմատար Տատյանա Պանայոտովիչը, շնորհակալության հայտնելով հանդիպման և ջերմ ընդունելության համար, նշել է, որ Սերբիայի երիտասարդության և սպորտի նախարարությունը ևս հետաքրքրված է երկկողմ հարաբերությունների խորացմամբ: Դիվանագետի խոսքով՝ հայերն ու սերբերը սպորտային ժողովուրդներ են, և համատեղ ծրագրերը կնպաստեն կապերի առավել զարգացմանը, հետևաբար այս հանդիպումը կարող է դառնալ այդ ուղղությամբ առաջին կարևոր քայլը:


























Comments