«Ռելիեֆը բարդ է, հեշտ չէ սահմանագիծը որոշել». Գեղարքունիքի մարզպետ
- May 13, 2021
- 1 min read

«Հայաստանի պետական սահմանը պահպանվել է։ Մեկ-երկու տեղ լանջով սահմանագիծ կար, որի շուրջ անհամաձայնություններ էին, մերոնք պնդում էին, որ պետք է այդ հատվածից ներս նստեն։ Այդ հարցն էլ ընթացքում կարգավորվեց»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Նա նշեց, որ սահմանագծման հետ որոշ խնդիրեր են առաջացել, քանի որ սահմանագծի փոփոխությունից հետո կան վայրեր, որտեղ բնակլիմայական պայմանները, ռելիեֆը շատ բարդ են, և որոշ հատվածներում հակառակորդը տեղակայման գործընթաց չէր արել, հիմա եղանակային պայմանները փոխվել են, և իրենք տեղակայման պրոցես են անում։
«Մեր Զինված ուժերն էլ հետևում են, որպեսզի իրենք իրենց տեղակայման վայրերից առաջ չգան, քանի որ ռելիեֆը բարդ է, հեշտ չէ սահմանագիծը որոշել»,-նկատեց նա։
Ըստ Գնել Սանոսյանի՝ Գեղարքունիքում հիմա բացարձակապես լարվածություն չկա։
«Ես երեկ եղել եմ Վերին Շորժայում, եղել եմ այն հատվածում, որտեղ աշխատանքներ են իրականացվել, և մեր Զինված ուժերը աշխատում են, քարտեզները կան, սա այն նույն պրոցեսն է, որը կար նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին»,-ներկայացրեց մարզպետը։
Հարցին, թե Սոթքի ոսկու հանքում ինչ վիճակ է, արդյոք հանքն աշխատում է, Գնել Սանոսյանը պատասխանեց՝ հանքն աշխատում է, մոտ 280 աշխատող է կրճատվել։
Comments