Գորիս-Կապան ճանապարհի երկու հատված դուրս է գալիս խորհրդային Հայաստանի սահմանից․ Փաշինյան

Մեկնարկել է կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը։ Գործադիրի անդամներին հարց տալու համար հերթագրվել է 34 պատգամավոր։
Առաջին հարցը տվեց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը․ նրան հետաքրքրում էր, թե ինչո՞ւ է Գորիս-Կապան ճանապարհին անցակետ դրվել, ի՞նչ է կատարվում Սյունիքում։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2020 թվականի դեկտեմբեր ամսին իրականացվել է Հայաստանի զինված ուժերի դիրքերը ՀՀ-ի՝ Խորհրդային միությունից ժառանգած սահմանների հետ համապատասխանեցնելու գործընթաց, և դա արվել է ռազմական նոր էսկալացիայից խուսափելու համար։
«Պիտի արձանագրեմ, որ ԽՄ ժամանակ Որոտան-Շուռնուխ հատվածում Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Ադրբեջանի սահմանն է ընդունվել որպես հիմք»,- ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ Գորիս-Կապան ճանապարհի երկու հատված դուրս է գալիս խորհրդային Հայաստանի սահմանից, և այդ պատճառով են այնտեղ ադրբեջանական անցակետեր տեղադրվել։
«2020-ի դեկտեմբերին ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ այդ ճանապարհը պետք է անարգել գործի ՀՀ-ի բեռնատարների համար, բայց, քանի որ օտար բեռների մասին չի խոսվել, Ադրբեջանը տուրք է սահմանել դրանց համար»,- նշեց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց՝ ՀՀ-ն, ընդունելով հանդերձ, որ կոմունիկացիաները պետք է բացվեն, մեքենաները, ՀՀ տարածքով անցնելիս, այդ թվում՝ Ադրբեջանից Նախիջևան գնալիս, պետք է հատեն մաքսային ու անձնագրային կետեր։
Փաշինյանը նշեց նաև, որ ինքն Էյվազլի և Չայզամի տեղանուններն է օգտագործել, որ ՀՀ քաղաքացիների համար պարզ լինի՝ խնդրի առարկա կետերը գտնվում են ոչ թե ՀՀ-ի տարածքում, այլ այդ տարածքից դուրս։























Comments