«Անվերջության ժապավեն»-ից գողացել են 20-30 կգ պղնձաձույլ մասեր․ քանդակագործը կհանդիպի ոստիկանապետին
- Oct 11, 2021
- 1 min read

Քանդակից մի քանի պղնձյա թիթեղ են գողացել, ընդհանուր՝ 20-30կգ քաշով։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Անվերջության ժապավեն» կամ «Ճանապարհաշինարարներ» քանդակի վերականգնումն իրականացնող երիտասարդ քանդակագործ Ռաֆայել Մանուկյանը՝ անդրադառնալով արձանից արված գողությանը։
Մանուկյանը նշեց, որ գողության դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին։
«Հանցագործության մասին ոստիկանությունում հաղորդում ենք ներկայացրել, սակայն մինչ այս պահը հանցագործության հեղինակները բացահայտված չեն։ Պահակ եղել է, բայց չի նկատել, քանի որ պատրաստված են եղել և գողացել են այն հատվածից, որը չի երևում դիտակետից։ Գիշերն են արել գողությունը։ Այս պահին հուշարձանի տարածքում լուսավորություն չկա, բայց նախատեսվում է»,- ասաց նա։
Քանդակագործի խոսքով՝ նախատեսվում է հուշարձանի տարածքում պետական պահպանություն իրականացնել, որպեսզի խուսափեն նման դեպքերից։
«Արդեն կա նախնական համաձայնություն, որ այսօր կամ վաղը հանդիպենք ոստիկանապետի հետ, քննարկելու այս հարցերը և հասկանանք, թե ինչ քայլեր ենք ձեռնարկում»,- նշեց Մանուկյանը։
Նրա խոսքով՝ գողացված հատվածն այսօր արդեն կվերականգնվի, իսկ հուշարձանի վերականգնման աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետում՝ մինչև տարեվերջ։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Սևան-Երևան մայրուղուն կից գտնվող «Ճանապարհաշինարարների» վերականգնման և հարակից տարածքների բարեկարգման համար կառավարությունը դեռ 2020թ-ի գարնանը հատկացրել է 176 միլիոն դրամ։
ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի վարչական տարածքում 1978-ին տեղադրվել է «Անվերջության ժապավեն» մոնումենտալ քանդակը, որի հեղինակը քանդակագործ Դավիթ Բեջանյանն է: Քանդակը բաղկացած էր 2 կոմպոզիցիոն տարրերից՝ ժապավենից և տղամարդու ու կնոջ ֆիգուրներից: Քանդակը ժամանակի ընթացքում բազմիցս վանդալիզմի զոհ է դարձել, ապա վերականգնվել է, կրկին ենթարկվել վանդալիզմի: «Ճանապարհաշինարարներ» քանդակի վերականգնումը հեղինակի ժառանգների ցանկությամբ ու համաձայնությամբ իրականացնում է քանդակագործ Ռաֆայել Մանուկյանը:


























Comments