Պատերազմի հետևանքով այրիացած 21-ամյա Անգելինան գիրք է գրել իր և ամուսնու սիրո մասին (ֆոտոշարք)
Updated: Nov 8, 2021

Ստեփանակերտում տեղի ունեցավ 21 տարեկանում այրիացած Անգելինա Առստամյանի «Անավարտ պատմություն» գրքի շնորհանդեսը: Գիրքն ամուսնու հիշատակին է նվիրել: Այն անավարտ սիրո, կիսատ թողած երազանքների, պատերազմից խեղված ճակատագրի մասին է:
Նրանց սիրո գեղեցիկ հեքիաթն ընդհատվեց 2021 թվականի հոկտեմբերին, երբ 44-օրյա պատերազմում բեկորային վիրավորում ստացած ամուսինը 4 օր կյանքի համար կռիվ տալուց հետո երկնային ճամփան բռնեց:
Անգելինան պատմում է, որ պատերազմի հենց առաջին օրը հետախույզ ամուսինը մեկնեց ճակատ: Ինքը ստիպված եղավ տեղափոխվել Երևան, քանի որ միայն իր կյանքի համար չէր պատասխանատու. սրտի տակ բաբախում էր մի ուրիշ փոքրիկ սիրտ:
«Կարենից հետո շատ ծանր ապրումներ ունեի, բայց պայքարում էի, որ ամեն գնով լույս աշխարհ գա մեր երեխան: Դեկտեմբերի 9-ին, սակայն, նրան էլ կորցրի»,- ասում է Անգելինան:
Իր առաջին ու միակ սիրուն՝ Կարենին, հանդիպել է 15 տարեկանում։ Ընտանիք են կազմել 2020 թվականի ապրիլին:
«Ծանոթացել ենք համալսարանում ուսանողության տարիներիս: 15 տարեկանից Կարենի հետ եմ, միասին շատ դժվարություններ հաղթահարեցինք»,- նշում է նա:
Ինչպես Կարենի հետ հանդիպմանը գիտեր, որ միասին են լինելու, ընտանիք են կազմելու, այնպես էլ Կարենի վիրավորվելը զգաց։
«Մարմնիս ամեն բջիջով զգում էի, որ նրա հետ մի բան է եղել»,- հիշում է Անգելինան:
Երիտասարդ կինը նշում է, որ գիրքը գրել է երկու շաբաթում:
«Երբ վշտի մեջ եմ, չեմ սիրում խոսել։ Մտքերս թղթին հանձնեցի, հետո մտածեցի` նրա հիշատակին նվիրված ինչ-որ մնայուն բան թողնեմ»,- պատմում է Անգելինան:
Գիրքը ոչ թե տխրության, այլ սիրո մասին է: Անգելինան ասում է՝ ուզում է գրքով հուշել մարդկանց, որ մարդու ֆիզիկական բացակայությունը չի կարող նվազեցնել սերը նրա հանդեպ:
Նույնիսկ վշտի տակ կքած սրտով, ամուսնուն ու դեռ չծնված երեխային կորցնելուց հետո էլ Անգելինան իր մեջ ուժ է գտել ապրելու: Ասում է` հանուն Կարենի, նրա ազատագրած հողի՝ պայքար է իր կյանքը:
Գիրքն ավարտվում է Անգելինայի հեղինակած բանաստեղծությամբ՝ նվիրված ամուսնուն։
Անի Մարտիրոսյան


































Comments