Համառոտ տեղեկություններ՝ նախորդ շաբաթվա Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին
- Nov 8, 2021
- 5 min read

«Հենակետ» վերլուծական կենտրոնը համառոտ տեղեկություններ է ներկայացրել նախորդ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին։ Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ․
Ադրբեջանի ՊՆ-ից հայտնել են, որ 2021 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն, «ԲՄՊ-2-ի, ԲՄՊ-3-ի և ԲՏՌ-82Ա-ի լավագույն անձնակազմ» կոչման համար ցամաքային զորքերում մրցումներ են անցկացվել։ Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկացրել է, որ զորամասերից մեկում շարունակվել են ռազմաուսումնական հավաքները, իսկ Նախիջևանում հրամանատարաշտաբային զորավարժություններ են ընթացել։
Նոյեմբերի 4-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության «Ղազախ» առանձին սահմանային դիվիզիայի ծառայողական տարածքում դաշտային զորավարժությունների ժամանակ ադրբեջանցի զինծառայող է զոհվել։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ շաբաթվա ընթացքում Զաքիր Հասանովը մասնակցել է զորամասի բացման արարողությանը։
Թուրքիան հայտարարել է Միջերկրական ծովում «Doğu Akdeniz-2021 Davet Tatbikatı» ռազմածովային զորավարժությունների մեկնարկի մասին, որին մասնակցում են 10 երկրների 35 նավեր և 5000 անձնակազմ՝ այդ թվում նաև Ադրբեջանի ռազմածովային ուժերի զինծառայողները։
Իսլամաբադում Ադրբեջանի դեսպանատան ռազմական կցորդ Մեհման Նովրուզովը հայտարարել է, թե Ադրբեջանն աշխատում է Պակիստանի հետ իր ռազմաօդային ուժերի արդիականացման ուղղությամբ և մտադիր է գնել JF-17 Thunder կործանիչի Block3 մոդիֆիկացիան, որում արդիականացված են խցիկի էլեկտրական և ռադարային համակարգերը։
Նշենք, որ JF Thunder-ը չին-պակիստանյան համատեղ արտադրության ռմբակոծիչ է։ Չինաստանի ՌՕՈւ-ում ինքնաթիռը կոչվում է Chengdu FC-1 Xiaolong։ JF-17-ի վերջին մոդիֆիկացիան 25 մլն դոլարից մի փոքր ավելի արժե։
Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Ռամիզ Թահիրովը հայտարարել է, թե հայկական ՀՕՊ համակարգը ոչնչացնելու համար իրենք մշակել են «Ղարաբաղյան արկղիկ» խորագրով օպերատիվ պլան։ Թահիրովն ընդգծել է, թե Ադրբեջանի ռազմաօդային ուժերը Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Սու-25 կործանիչներում նոր տեսակի ռումբեր են օգտագործել։ Ըստ նրա՝ խոսքը լազերային կառավարվող ռումբերի մասին է, որով ցույց տվեցին, որ հնարավոր է երկու անգամ նույն թիրախին հարվածել։
ԱՄՆ Սենատում «ԱՄՆ ազգային պաշտպանական արտոնությունների ակտի» քննարկումների ընթացքում Սենատորներ Ռոբերտ Մենենդեսը և Ալեքս Պադիլան ներկայացրել են օրենսդրական փոփոխությունների երեք առաջարկներ, որոնցից մեկով նախատեսվում է վերականգնել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հովածի պահանջների կատարումը, որը արգելանք է դնում Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակության վրա։
Ստամբուլի Ումրանիե շրջանում՝ «Ազգի այգու» բացման ժամանակ Էրդողանը հայտարարել է․ «Թուրքիան իր անօդաչու թռչող սարքերով, այդ թվում՝ «Աքընջի» նոր հարվածային անօդաչուներով, ներկա է ամենուր: Մեր ԱԹՍ-ները գտնվում են Լիբիայում, Ադրբեջանում և Ղարաբաղի տարածաշրջանում»:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, ոչր Հարավաֆրիկյան զրահամեքենաներ արտադրող «Paramount Group»-ը Ադրբեջանին առաջարկում է շարունակել համագործակցությունը ընկերության նոր զրահամեքենաների ձեռքբերման և լիցենզավորված հավաքման ուղղությամբ։ Ընկերությունը կարծում է, որ ադրբեջանցի զինվորականներին կարող են հետաքրքրել այնպիսի տեսակի զրահափոխադրիչներ, ինչպիսիք են «Mbombe 4»-ը, «Mbombe 6»-ը և «Mbombe 8»-ը:
Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին
ՀՀ ՄԻՊ գրասենյակը արտահերթ զեկույց է պատրաստել Ադրբեջանի հետ շփման բոլոր տարածքներում անվտանգության գոտու անհրաժեշտության վերաբերյալ։ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել է, թե ադրբեջանցիների տեղակայումը ՀՀ տարածքում անօրինական է, քանի որ նրանց տեղակայումը չի կատարվել որևէ միջազգային փաստաթղթի հիման վրա։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի շուտափույթ մեկնարկը թույլ կտա այդ խնդրին համակարգային լուծում գտնել։ ՌԴ ԱԳՆ իր հայտարարության մեջ նշվել է, թե իրենք պատրաստ են աջակցել հայ-ադրբեջանական սահմանի որոշման շուրջ բանակցությունների մեկնարկին։
Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին
Նոյեմբերի 2-ին Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքն այցելել է Գանձակ, որտեղ էլ հայտարարել է, թե Արցախից գրավված տարածքների վերականգնման հարցում Իսրայելը չափազանց շահագրգռված է օգնել Ադրբեջանին։
Թուրքիայի Աժ պատգամավոր Շամիլ Այրըմը Թուրքիայի ադրբեջանցի ձեռներեցների միության միջոցառմանը հայտարարել է, թե նոյեմբերի վերջին թուրք գործարարները Շուշի կայցելեն, նրանք շահագրգռված են ներդրումներ կատարել Ղարաբաղում։
Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ Կովսականի (Զանգելան) շրջանի Աղալը գյուղում «Խելացի գյուղ» ծրագրի շրջանակներում բնակիչներին օգնություն կտրամադրվի միկրոբիզնես ստեղծելու համար։ Շրջանի 22 բնակիչ կներգրավվի ինքնազբաղվածության ծրագրում, և նրանց համար կստեղծվեն փոքր բիզնեսի տարածքներ։
Ադրբեջանի քաղաքաշինության և ճարտարապետության պետական կոմիտեի փոխնախագահ Իլգար Իսբաթովը հայտարարել է, թե Ադրբեջանի հանրությանն արդեն ներկայացվել են Շուշի, Ակնա (Աղդամ), Վարանդա (Ֆիզուլի) և Ջրական (Ջաբրայիլ) քաղաքների գլխավոր հատակագծերը, սկսվել է՝ Կովսական (Զանգելան), Սանասար (Ղուբաթլի), Քարվաճառ և Քաշաթաղ (Լաչին) քաղաքների գլխավոր հատակագծերի պատրաստման գործընթացը։
Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հայտարարել է, թե Արցախից գրավված տարածքներում «կանաչ էներգիայի» գոտի ստեղծելու հայեցակարգը գրեթե պատրաստ է։
Ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, որ Ակնայի (Աղդամի) շրջանը Ադրբեջանի ընդհանուր էներգետիկ համակարգին միացնելու և շրջանն անխափան էլեկտրականությամբ ապահովելու նպատակով «Ազերէներժի» ընկերությունը կառուցում է երկու ենթակայան՝ «Աղդամ-1» և «Աղդամ-2»: Մոտ առաջիկայում Ակնան կապահովվի էլեկտրականությամբ։
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը տեղեկացրել է, որ ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի դպրոցը, մշակույթի տունը, Արցախյան ազատամարտում զոհվածների հուշարձանն ու վնասել Սուրբ Աստվածածին եկեղեցին: Այդ են վկայում արբանյակային լուսանկարները։
Նոյեմբերի 7-ին Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան այցելել են Շուշի։ Նրանք մասնակցել են Հաղթանակի ճանապարհի բացմանը (Վարանդայից դեպի Շուշի տանող երթուղու հատվածի)։ Այցի ընթացքում դրվել է Շուշիի ռադիոհեռուստատեսային աշտարակի և քաղաքային հիվանդանոցի հիմքը։
Տարածաշրջանային նախագծերի մասին
Էրդողանը Հռոմում G20-ի ղեկավարների գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է, թե Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանն ու Հայաստանը կարող են համատեղ քայլ անել և վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում: Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ Վրաստանը բացասական վերաբերմունք ունի 3+3 պլատֆորմի վերաբերյալ։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան նշել է, թե 3+3» ձևաչափը կարող է և պետք է առաջարկի ինչպես հին խնդիրների, այնպես էլ նոր մարտահրավերների լուծում։
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը կոչ է արել Հայաստանին Զանգեզուրում բացել 46 կիլոմետրանոց միջանցք, ինչը կնպաստի համաշխարհային առևտրի զարգացմանը։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, թե տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում ճանապարհների նկատմամբ ինքնիշխանությունը պահպանվում է այն երկրների մոտ, որոնց տարածքով կանցնեն այդ ճանապարհները։
Թուրքիայի տրանսպորտի նախարար Ադիլ Կարաիսմայիլօղլուն հայտարարել է, թե Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով բեռնափոխադրումների ծավալը գերազանցել է 1 մլն 360 հազար տոննան։ Անկարան նպատակ ունի երկարաժամկետ հեռանկարում այդ ծավալը հասցնել արեկան 6,5 միլիոն տոննայի։ Ըստ նրա՝ բեռնափախադրման ավելացման արդյունքում Չինաստանի և Թուրքիայի միջև ապրանքների առաքման ժամկետը կնվազի մինչև 10 օր։
Գերիների վերադարձի և ականապատման խնդիրների մասին
Շաբաթվա ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող գերեվարված և պատանդառված հայերին, ծանոթացել նրանց պահման պայմաններին: Բաքուն հաստատել է ընդամենը 40 անձի՝ Ադրբեջանում գտնվելու հանգամանքը: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն հայտարարել է, թե Ֆրանսիան կարևորում է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը։
ՄԻԵԴ-ը Հայաստանի Տավուշի մարզի երկու բնակիչների՝ Մամիկոն Խոջոյանի և Կարեն Պետրոսյանի գործերով վճիռներ է հրապարակել՝ նշելով, որ խախտվել են հայ գերիների իրավունքները։ Երկու դեպքում էլ դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին 40 հազարական եվրո վճարել տարիներ առաջ Ադրբեջանում հայտնված հայ քաղաքացիների իրավահաջորդներին։
Ադրբեջանի ականազերծման գործակալությունը հայտնել է, որ 2020 թ-ի նոյեմբերի 10-ից ի վեր Արցախից գրավված տարածքներում ականներից ու չպայթած զինամթերքից մոտ 6000 հա տարածք է մաքրվել։ Թուրքիայի ՊՆ-ի ներկայացուցիչ Փընար Քարան հայտարարել է, թե Թուրքիայի ԶՈւ-ն շարունակում է իր աջակցությունը Արցախից գրավված տարածքներում ականների և չպայթած զինամթերքի հայտնաբերման գործում։
Այլ թեմաներ
«Աշխարհը COVID-19-ից հետո» ֆորումի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը հետկոնֆլիկտային փուլում հանդես է եկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մի շարք առաջարկություններով, սակայն մինչ օրս Երևանից պատասխան չի ստացել։ Նա կրկին հնչեցրել է ադրբեջանական թեզը, որ ԼՂ հակամարտությունը լուծված է։ Ըստ Ալիևի՝ Ադրբեջանն առաջարկել է Հայաստանի հետ սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա սկսել, որպեսզի ապահովվի երկու երկրների տարածքային ամբողջականությունը։
Մեծ Բրիտանիայի Հանցագործությունների դեմ պայքարի ազգային գործակալությունը (NSA) պատրաստվում է 15 մլն ֆունտ (20․5 մլն դոլար) բռնագանձել բանկային հաշիվներից, որոնք պատկանում են ադրբեջանցի քաղաքական գործիչ Ջավանշիր Ֆեյզիևի կնոջը, որդուն և զարմիկին։ Գործակալությունը գտնում է, որ նա այդ գումարները «լվացել է» «Ադրբեջանական լվացքատուն» անունով հայտնի գումարների փոխանցման համակարգի միջոցով։
Նշենք, որ Ֆեյզիևն Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր է ու համարվում է Իլհամ Ալիևի համախոհներից։ Նա նաև մեծ դերակատարություն է ունեցել ԵՄ-ում իր երկրի լոբբինգի ջանքերում։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, որ 2020 թ-ի նոյեմբերից ի վեր հայտնաբերվել ու հայկական կողմին է փոխանցվել ղարաբաղյան պատերազմում զոհված զինծառայողների 1700 մարմին և աճյուն՝ այդ գործողությունները ներկայացնելով որպես միջազգային օրենքներին համապատասխանող հումանիտար ակցիա։


























Comments