Հայ իրականության մեջ «բացասման» օրենքը վաղուց հատել է ողջամտության սահմանները․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում ասվում է․
«Նորագույն հայ իրականության մեջ «բացասման-բացասման» օրենքը վաղուց հատել է ողջամտության բոլոր սահմաններն ու, կարծես հասել ենք մի հանգրվանի, երբ սկսել ենք համատարած ատել մեր անցյալը, ասել է թե՝ մեր նախորդների բոլոր այն կերտածները, որոնք դեռ չեն հասցրել վերածվել դասագրքային ճշմարտության կամ, ինչպես ասում են, «քնած պատմության»:
Մեզ համար արժևորման չափորոշիչ է դարձել ոչ թե համազգային կարևորության գործընթացներում անհատի թողած ծանրակշիռ ավանդը, այլև նրա մասին հորինվող և համոզմունքի հասցվող բամբասանքը, որն զգացմունքայնությունից խլացած հանրությանն է ներկայացվում պատեհ ու անպատեհ առիթով: Հենց այդպես էլ մենք անխնա ավերում ենք մեր երեկը՝ «օճառաջրի հետ դուրս նետելով մաքրամաքուր մանուկին»։
Մենք առաջ ենք շարժվում, մեր հետևում թողնելով դատարկություն, որի վրա կառուցելը լինելու է ոչ միայն վտանգավոր, այլև անհնար։ Մենք ցանկացած նորի սկիզբ հնի համար դարձրել ենք ամենակարող դատավոր և անցյալին նայում ենք որպես հանցագործի։ Կդիմանանք, արդյո՞ք, այս ահավոր անկմանը, թե ժամանակ հետո ունեցած մեր կորուստների համար նորից կմեղադրենք հայոց ճակատագրին»:























Comments