top of page

Փոփոխվել է ՄԿՈՒ հաստատությունների տնօրենի ընտրության կարգը

  • Writer: 24Time.am
    24Time.am
  • Sep 24, 2021
  • 2 min read

ree

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում է կայացրել փոփոխություններ կատարել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգում։


Որոշման ընդունմամբ առավել հստակեցվել են տնօրենի ընտրության կազմակերպման և անցկացման աշխատանքները. դա խորհրդին մեկ հավակնորդ ընտրելու և հետագա շահարկումներից խուսափելու հնարավորություն կընձեռի: Բացի դրանից՝ տնօրենի ընտրության կազմակերպչական աշխատանքները կկազմակերպվեն ավելի դյուրին, իսկ ընտրությունը` առավել արդարացի:


Տնօրենի ընտրության կարգն ամբողջությամբ խմբագրվել է, և հիմնականում կատարվել են հետևյալ փոփոխությունները.


Տնօրենի թափուր տեղի մրցույթի հայտարարման կազմակերպչական աշխատանքները սկսելու համար սահմանվել են նոր ժամկետներ` պայմանագրի ժամկետը լրանալուց երեք ամիս առաջ, ինչը հնարավորություն կընձեռի մինչև թափուր տեղ առաջանալն ընտրել նոր տնօրեն և խուսափել ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հանգամանքից։ Այլ պատճառներով տնօրենի թափուր տեղ առաջանալու դեպքում նոր կարգով երեք ամսվա ընթացքում հայտարարվում է մրցույթ:


Կարգով հավակնորդների գործերի ընդունման ժամկետ է սահմանվել 15 աշխատանքային օր, որը կարող է երկարացվել ևս 15 աշխատանքային օր, եթե հայտարարված ժամկետում հայտեր չեն ներկայացվել (գործող կարգով սահմանված է եղել 30 օր․ հավակնորդներ լինելու դեպքում այդ ժամկետը շատ երկար էր):


Որոշմամբ սահմանվել է հայտարարության ձև, որով հստակ նշվում են տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար պարտադիր պահանջները և անհրաժեշտ փաստաթղթերը։ Հիմնական փոփոխությունն այն է, որ հավակնորդը կարող է փաստաթղթերը ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով, ինչպես նաև հնարավորություն է տրված պակասող փաստաթղթերի առկայության դեպքում դրանք համալրել մինչև փաստաթղթերի ընդունման օրը:


Առավել հստակ են սահմանվել խորհրդի լիազորությունները և մրցույթի անցկացման աշխատանքների կազմակերպումը, ինչպես նաև լիազոր մարմնի ներկայացուցչի և ԶԼՄ-ների մասնակցության ապահովման ու նրանց լիազորությունները:


Սահմանվել է նաև, որ հավակնորդները խորհրդին են ներկայացնում ուսումնական հաստատության 5 տարվա ռազմավարական ծրագիրը, որը մինչ այդ ներկայացվում էր թերություններով, ոչ ռազմավարական ծրագրի ձևաչափով և գործողությունների պլանով:

Նախագծում սահմանվել են այն բաղադրիչները և պարտադիր քայլերը, որոնք պետք է առկա լինեն ծրագրում:


Նախագծով սահմանվել է նոր մոտեցում, որ մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվում այն հավակնորդը, ով հավաքել է խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության կողմ ձայները:


Գործող կարգով սահմանված է, որ մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվում այն հավակնորդը (հավակնորդները), ով (ովքեր) ստացել է (են) քվեարկությանը մասնակցած խորհրդի անդամների կեսից ավելիի կողմ ձայներ, ինչից բխում էր, որ խորհուրդը կարող է ընտրել մեկից ավելի հավակնորդների, և այդ դեպքում լիազոր մարմնի ղեկավարն էր ընտրում մրցույթով հաղթած հավակնորդներից մեկին և սահմանված կարգով կնքում պայմանագիր: Փոփոխությունով խորհուրդը կընտրի մեկ թեկնածու կամ հաղթող չի ճանաչվի:


Մրցույթի արդյունքի վերաբերյալ բողոքի առկայության դեպքում առավել հստակեցվել են լիազոր մարմնի ղեկավարի կողմից ստեղծված բողոքարկման հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը և այն հիմքերը, որոնցով հանձնաժողովը տալիս է բացասական եզրակացություն:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page