top of page

ՀՀ-ում պատվաստվում են նաև զբոսաշրջիկները. «Արմենպրես»

May 7, 2021
2 min read



ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ ձևավորված՝ Հյուսիսային պողոտայում շարժական COVID-19-ի դեմ պատվաստումային խմբի տեղակայումը հասարակության շրջանում հետաքրքրություն է առաջացրել: Այս մասին փաստում են «Արմենպրես»-ի նկարահանման պահին պատվաստումային խմբի հերթափոխով աշխատող բուժաշխատողները: Նրանք նշում են, որ թե հարցումների, թե պատվաստումների այնպիսի ակտիվություն է, որ նույնիսկ որոշ ժամերի հերթեր են գոյանում: Մոտենում են և՛ տեղացիները, և՛ արտասահմանցիները:


Իրանի քաղաքացի Մահմուդ Դաշթբանը Հայաստանում է հիմնականում զբոսաշրջության նպատակով: Եկել է ինչպես հայաստանյան պատմամշակութային վայրերը, խոհանոցը բացահայտելու, այնպես էլ այստեղ սովորող իր տղային տեսնելու:


«Պատվաստումների շարժական խումբ ունենալը շատ լավ գաղափար է: Լինելով Հայաստանում՝ որոշեցի օգտվել այս հնարավորությունից, ինչու ոչ: Ուզում եմ պատվաստվել և լինել պաշտպանված»,- ասաց Մահմուդ Դաշթբանը:


Պատվաստումային շարժական խումբը գործում է երկու հերթափոխով՝ առավոտյան ժամը 12:00-16:00-ն, և 16:00-20:00-ն: Բուժաշխատողները նշում են, որ անհրաժեշտության դեպքում երկար են մնում: Պատվաստման համար մոտեցող քաղաքացիները նախ բուժզննում են անցնում: Բուժաշխատողները չափում են նրանց ճնշումը, թթվածնային հագեցվածությունը, ջերմաչափում են: Եթե լինում են շեղումներ, ապա քաղաքացին անցնում է մանրամասն զննություն՝ թոքեր, սրտի աշխատանք և այլն: Բուժաշխատողների ձեռքի տակ են թե «Astrazeneca», թե «Sputnik V» պատվաստանյութերը, որոնք կիրառվում են ըստ ՀՀ առողջապահության նախարարության ցուցումների: Առաջիկա օրերին հասանելի կլինի նաև չինական պատվաստանյութը։


61-ամյա Արմեն Գրիգորյանը, Հյուսիսային պողոտայում տեղակայված շարժական խմբի մասին իմանալով, շտապել էր պատվաստվելու:


«Գաղափարն ինձ դուր եկավ, անկեղծ: Սկզբում մտածում էի պոլիկլինիկա դիմելու մասին, սակայն եթե այս հեշտ տարբերակը կա, ինչու չգալ այստեղ»,-ասաց Արմեն Գրիգորյանը:


Քաղաքացիները, պատվաստվելուց հետո բուժկետի մոտ սպասում են մինչև 20 րոպե, եթե ամեն ինչ կարգին է, ապա համապատասպան ցուցումներ ստանալուց հետո կարող էին գնալ: 53-ամյա Հարմիկ Շահնազարյանը, որը մասնագիտությամբ դեղագետ է, նշեց, որ երկմտելու խնդիր չի տեսնում, պատվաստման կողմնակից է և կարծում է, որ դա է ճիշտ ճանապարհը:


«Ես պոլիկլինիկայում գրանցվել էի, արդեն քանի օր է` ինձ չէին կանչում, ես էլ որոշեցի չսպասել ու գալ այստեղ պատվաստվելու: Կարծում եմ, որ պատվաստվելը շատ կարևոր է»,-ասաց Հարմիկ Շահնազարյանը:


Առողջապահության ազգային ինստիտուտի գլխավոր խորհրդական Դավիթ Պետրոսյանը մեր նկարահանման պահին Հյուսիսային պողոտայում էր, հետևում էր շարժական պատվաստումային խմբի աշխատանքներին: Դավիթ Պետրոսյանը Հայաստանում առաջին պատվաստվողներից է, նա պատվաստվել է դեռ նախորդ տարվա վերջին: Պատմում է, որ որևէ բարդություն ու վատ հետևանք չի եղել, իրեն շատ լավ է զգում:


«Նման նախաձեռնությունները շատ անհրաժեշտ են, քաղաքացիները կարողանում են հեշտությամբ մասնակցել պատվաստումների գործընթացին: Մենք պետք է կարճ ժամանակում կարողանանք ստեղծել բնակչության իմունիզացիա: Եթե բնակչության մոտ 70 տոկոսը պատվաստվի, ապա կարող ենք ասել, որ համաճարակ չի լինի մեր երկրում, այսինքն՝ ռիսկը բավական կնվազեցվի: Ասեմ, որ սա միջազգային փորձ է, այլ երկրներում ևս կիրառվում է: Մարդկանց պատվաստվելու այս ակտիվությունն ինձ ուրախացնում է, դա նշանակում է, որ մեր բնակչության մոտ գիտակցությունը բավական բարձր է: Այս վարակից ազատվելու այլընտրանք գոյություն չունի ու եթե մենք ուզում ենք նորմալ կյանքով ապրել, միմյանց պաշտպանել, ապա պետք է պատվաստվենք: Ամբողջ աշխարհում որոշվեց, որ ճանապարհը պատվաստումն է»,-ասաց Դավիթ Պետրոսյանը:


Պատվաստման գործընթացին զուգահեռ Հյուսիսային պողոտայում երիտասարդներն իրազեկման թերթիկներ էին բաժանում անցորդներին: Նման պատվաստումային շարժական կենտրոն գործում է նաև «Դալմա Գարդեն Մոլ»-ում:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page