Հայաստանը կարող է դառնալ Հնդկաստանի ռազմավարական դաշնակիցը

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հոկտեմբերի 12-13-ը կայցելի Հայաստան: Սա լինելու է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի՝ պատմության մեջ առաջին այցը Հայաստանի Հանրապետություն։
Հայ-հնդկական հարաբերություններն ունեն դարերի պատմություն․ Հնդկաստանում ակտիվ է եղել հայ համայնքը Կալկաթա և Բոմբեյ քաղաքներում: Հնդկաստանն այսօր ակտիվանում է բոլոր տարածաշրջաններում, ինչը պայմանավորված է Հնդկաստանի աճող տնտեսական, ռազմաքաղաքական ներուժով և գեոպոլիտիկ հետաքրքրություններով:
Հարավային Կովկասում վերջին տարիներին ակտիվացել է Հնդկաստանի թիվ մեկ ռազմավարական հակառակորդ, միջուկային տերություն Պակիստանը: Պակիստանը տարածաշրջանում հենվում է Ադրբեջանի վրա՝ որպես մահմեդական պետության: Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան ձևաչափով տեղի են ունենում զորավարժություններ․Բաքու-Իսլամաբադ կապերը բարձրանում են ռազմավարական, դաշնակցային մակարդակի:
Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան պանիսլամական կոալիցիան սպառնում է նաև Հնդկաստանի անվտանգությանը․ Հնդկաստանում բնակվում է ավելի քան 200 միլիոն մահմեդական: Պանիսլամական ուղենիշներ ունեցող Թուրքիան և Պակիստանը կարող են հենվել Հնդկաստանի մահմեդականների վրա՝ անջատողական տրամադրություններ տարածելով նրանց շրջանում:
Հնդկաստանի համար Հայաստանը հետաքրքիր է որպես հակաթուրքական պատվար, սակայն դրա համար Հայաստանը պետք է լինի ռազմաքաղաքական գործոն՝ չմտնելով թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցության գոտի:
Նշենք, որ Հայաստանի համար մեծ հետաքրքրություն կարող են ներկայացնել հնդկական ներդրումները, Հնդկաստանի մեկ միլիարդանոց շուկան, որտեղ կարող են ներկայացված լինել հայկական ապրանքները: Բացի այդ, Հյուսիս-Հարավ միջանցքի կյանքի կոչման պարագայում Հնդկաստանն Իրանի տարածքով կարող է դուրս գալ Հարավային Կովկաս՝ Հայաստանով դեպի Վրաստան ու Սև ծով:
Այսպիսով, հայ-հնդկական հարաբերություններում առկա է չօգտագործված մեծ ներուժ՝ հատկապես տնտեսական և ռազմական առումներով: Հնդկաստանն ունի աճող գեոպոլիտիկ նկրտումներ, և Հայաստանը Հարավային Կովկասում կարող է դառնալ Նյու Դելիի հիմնական դաշնակիցը՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Պակիստանը տարածաշրջանում հենվում է Ադրբեջանի, թուրք-ադրբեջանական տանդեմի վրա:
Արտյոմ Բալասանով























Comments