Հայ-վրացական հարաբերությունները պետք է հարստացնել տնտեսական բաղադրիչով.վերլուծական

Հայ-վրացական հարաբերությունները պետք է հարստացնել տնտեսական բաղադրիչով
Մեր երկրներին կապում են բազմադարյան պատմական բարեկամական հարաբերությունները: Համոզված եմ, որ ապագա համագործակցությունը ևս այս ոգով կշարունակվի: Վրաստանն ու Հայաստանն աչքի են ընկնում իրենց մեծ պատմությամբ, ինքնօրինակ մշակույթով և հետաքրքիր ավանդույթներով: Այդ մասին հայտարարել է Երևան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից շրջափակման մեջ գտնվող ՀՀ-ի համար՝ Վրաստանի հետ ռազմավարական հարաբերությունների ամրապնդումը բխում է ազգային-պետական շահերից: Վրաստանը՝ ՀՀ-ի համար կյանքի ճանապարհ է դեպի արտաքին շուկաներ՝ այդ թվում ՌԴ: Սա տնտեսական փոխհամագործակցության կարևորագույն առանցքն է: Չմոռանանք, որ Վրաստանում է բնակվում կես միլիոնի հասնող հայ համայնքը, որը կամրջող դերակատարում ունի երկու երկրների համար:
Խորը պատմական, մարդկային, մշակութային կապերին զուգահեռ ՀՀ-ն պետք է ամրապնդի նաև տնտեսական կապերը Վրաստանի հետ: Այդ օրակարգն այս պահին զիջում է քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններին:
Վրաստանի համար Թուրքիան և Ադրբեջանը՝ հիմնական տնտեսական գործընկերներն են և վրացական տնտեսությունը մեծ կախվածություն ունի թուրքական ներդրումներից և ադրբեջանական նավթագազային ռեսուրսներից:
Այս պարագայում Երևանը պետք է համատեղ տնտեսական ծրագրեր առաջարկի Թբիլիսիին, որպեսզի վրացական կողմի համար հայկական ուղղությունն էլ ունենա կարևոր գեոպոլիտիկ նշանակություն:
Հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման համար կարևոր նշանակություն կարող է ստանալ Հյուսիս-Հարավ էներգետիկ-տրանսպորտային միջանցքը՝ ՌԴ-Վրաստան-ՀՀ-Իրան-Պարսից ծոց ուղղությամբ: ՀՀ-ն պետք է արդիականացնի իր տրանսպորտային լոգիստիկան, որպեսզի վրացական կողմը ՀՀ-ով դեպի Իրան անցնող միջանցքն օգտագործի իր տնտեսական և քաղաքական հետաքրքրությունները բավարարելու համար:
Վրաստանն իր արտաքին քաղաքական ուղղվածությամբ շարժվում է դեպի արևմուտք՝ ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցությունը հռչակելով առաջնահերթություն: ՀՀ-ն, ի տարբերություն Վրաստանի, դաշնակցային կապեր ունի ՌԴ-ի հետ, ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի անդամ է, ՀՀ-ում է գտնվում ռուսական ռազմաբազան, սակայն դա երբեք չի խոչընդոտել հայկական դիվանագիտությանն ունենալ կառուցողական հարաբերություններ Վրաստանի հետ:
Հայ-վրացական հարաբերությունները պետք է հարստացնել տնտեսական բաղադրիչով՝ փոխադարձ ներդրումներով և համատեղ տրանսպորտային, էներգետիկ նախագծերով:























Comments