top of page

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները հանդիպել են․ ինչ հարցեր են քննարկվել

Sep 23, 2021
1 min read

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայացել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի և Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ գլխավոր դատախազությունը:


Նշվում է, որ հանդիպման ընթացքում Իգոր Կրասնովն ընդգծել է եռակողմ ձևաչափի արդյունավետությունը և հայտնել Լեռնային Ղարաբաղում օրինականության ամրապնդման և վերջին 9 ամիսների ընթացքում մարդկանց կյանքի կայունացման ուղղությամբ կողմերի կատարած աշխատանքների զգալի արդյունքների մասին:


Ռուսաստանի գլխավոր դատախազն իր հիմնական խնդիրն է համարել լարվածության թուլացումը տարածաշրջանի բնակչության շրջանում:


Նա կոչ է արել որպես տեղեկատվության փոխանակման ուղի ավելի ինտենսիվ օգտագործել Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուս զինվորական դատախազներին դիմելու հնարավորությունը, այդ թվում ՝ կատարված խախտումների մասին հաղորդումներ փոխանցելու և քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու աշխատանքները շարունակելու համար:


Իգոր Կրասնովը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերներին կառուցողական փոխգործակցության և ընդհանուր արդյունքի` խաղաղության եւ կայունության հասնելու համար` ի շահ տարածաշրջանի ժողովուրդների։


Նշվել է անհետ կորած անձանց որոնողական աշխատանքների ոլորտում փոխգործակցության դրական մակարդակը:


Միջոցառման ընթացքում կողմերը պայմանավորվել են շարունակել որոնողական աշխատանքները:


Գլխավոր դատախազները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարությունների կատարումն ու հետագա իրավական փոխգործակցության հեռանկարները:


Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները շնորհակալություն են հայտնել ռուս գործընկերոջը Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մարդասիրական ասպեկտների կատարմանն ուղղված ջանքերի համար:


Կողմերը հաստատել են ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունը շփումների ակտիվացման անհրաժեշտության մասին` հետագա լարվածությունը կանխելու համար:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page