Քննարկվել են Հայաստան-Սփյուռք համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և Արցախի նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ (Սփյուռքի հարցերով) Ազատուհի Սիմոնյանի հետ: Հիմնական թեման Հայաստան-Սփյուռք համագործակցության խնդիրներն ու դրանց լուծման ուղիներն էին:
Մշտական հանձնաժողովի նախագահն ընդգծեց առկա խնդիրների օրենսդրական ճանապարհով լուծման կարևորությունն ու պատրաստակամություն հայտնեց աջակցել այդ հարցում:
Զարեհ Սինանյանը հանգամանալից ներկայացրեց ոլորտում տիրող իրավիճակը, անդրադարձավ Հայաստան-Սփյուռք գործակցության ընթացքում ծագող անվտանգության, տնտեսական, կրթական, պետական կառույցների հետ կապված խնդիրներին:
Հայրենադարձության առնչությամբ նա շեշտադրեց ենթակառուցվածքների բացակայությունը, ինչը խոչընդոտում է հարցերի լուծումը:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը տեղեկացրեց, որ առաջիկայում «Հրայր Օհանյան» հիմնադրամի աջակցությամբ մայրաքաղաքի կենտրոնում կկառուցվի Հայրենադարձության կենտրոն, որը կգործի մեկ պատուհան սկզբունքով, կլուծի սփյուռքահայերի ինտեգրմանն առնչվող շատ հարցեր:
Ըստ Զարեհ Սինանյանի՝ արդեն իրականացվում են կենտրոնի շինարարական աշխատանքները:
Նշվեց նաև, որ Սիրիայից, Լիբանանից և այլ երկրներից ներգաղթած մեր հայրենակիցների մի մասը բյուրոկրատական խոչընդոտների պատճառով է լքում Հայաստանը:
Ազատուհի Սիմոնյանը Հայաստան-Սփյուռք գործակցության առնչությամբ կարևոր համարեց գործընկերային հարաբերությունների ամրակայումը: Նա անդրադարձ կատարեց օրենսդրական սահմանափակումներին, որոնք թույլ չեն տալիս սփյուռքահայերին Հայաստանի գործադիր և ընտրովի մարմիններում աշխատել, իրենց փորձառությամբ ու մասնագիտական հմտություններով նպաստել մեր երկրի զարգացմանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ ոլորտի այլ խնդիրների: Նշվեց, որ նմանօրինակ հանդիպումները կլինեն շարունակական:























Comments