top of page

Հայաստանում համաճարակային իրավիճակը լարված է դելտա շտամի տարածման պատճառով

Aug 16, 2021
1 min read


Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի և հատկապես դելտա շտամի տարածման պատճառով համաճարակային իրավիճակն արդեն գնահատվում է լարված, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճ է արձանագրվում։


Այդ մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։


«Համեմատելով վերջին 14 օրվա դեպքերը նախորդ 14 օրվա հետ՝ տեսնում ենք, որ դեպքերի աճ կա։ Երեկ արձանագրել էինք 45 տոկոս դեպքերի աճ, այսօրվա վերլուծության արդյունքում պարզեցինք, որ 46 տոկոս է։ Վարակի վերարտադրողական ցուցանիշը մեկից բարձր է՝ 14 օրվա հաշվարկով՝ 1,1 է, իսկ յոթ օրվա հաշվարկով՝ 1,3, այսինքն՝ մոտակա յոթ օրում կարող ենք արձանագրել 2900-ից ավելի դեպք»,- նշել է Աբովյանը և հավելել, որ ամբողջ աշխարհում էլ դիտվում է լարված իրավիճակ՝ պայմանավորված դելտա շտամով և Հայաստանն էլ բացառություն չէ, այստեղ ևս շրջանառվում է այդ շտամը։


Նրա խոսքով՝ ի տարբերություն մյուս շտամերի, դելտան կրկնակի ավելի արագ է տարածվում, ինչն էլ ավելի մտահոգիչ է դարձնում իրավիճակը։


Ռոմելլա Աբովյանը նշել է, որ չեն կարող ասել, թե Հայաստանում դելտա շտամով վարակման քանի դեպք է գրանցվել, քանի որ ընտրանքային հետազոտություն են իրականացնում, որպեսզի հասկանան, թե, որ շտամն է շրջանառվում:


«Բոլոր հիվանդների մեջ կարող են լինել նաև դելտա շտամով վարակվածներ: Մենք յուրաքանչյուր պացիենտի չենք նմուշառում՝ հասկանալու համար նա վարակված է դելտա շտամով, թե ոչ, և դրա նպատակահարմարությունն էլ չկա»,- մանրամասնել է նա:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page