Միրզոյանը և Վրաստանի ԱԳ նախարարը քննարկել են Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից սադրիչ գործողությունները
- Aug 20, 2021
- 1 min read

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱԳ նախարարության ֆեյսբուքյան էջից:
Օգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Դավիդ Զալկալիանին շնորհավորել է նաև հայկական կողմին՝ անցկացված ժողովրդավարական ընտրությունների կապակցությամբ՝ նշելով, որ երկրում ժողովրդավարական արժեքների ամրապնդումը մեծ նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար:
Արարատ Միրզոյանը և Դավիդ Զալկալիանին ընդգծել են հայ-վրացական հարաբերությունների առանձնահատուկ և բարիդրացիական բնույթը, պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխշահավետ համագործակցության առավել խորացման ուղղությամբ։ Այս համատեքստում կարևորվել է նաև բարձր մակարդակում փոխայցելությունների անցկացումը։
Կողմերը քննարկել են Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրիչ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը: Հայկական կողմն ընդգծել է, որ Ադրբեջանի նման վարքագիծը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության ու կայուն զարգացման համար:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև կորոնավիրուսային համավարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակին։ Այս առումով, կարևորվել է բնակչության շրջանում պատվաստումների ծավալների ավելացումը, ինչպես նաև համավարակի հաղթահարման գործում երկու երկրների միջև համագործակցությունը։


























Comments