top of page

ԱՄՆ-ում 4 հայեր հատուկ սխեմայով COVID-19-ից տուժածների վարկերից ավելի քան 18 միլիոն դոլար են գողացել

  • Jul 5, 2021
  • 1 min read

Լոս Անջելեսի Էնսինո թաղամասի հայազգի բնակիչները՝ 42-ամյա Ռիչարդ Այվազյանը, նրա 37-ամյա կինն ու մի քանի ազգականներ մեղավոր են ճանաչվել COVID-19-ի հետևանքների մեղմացման համար հատկացվող վարկերից ավելի քան 18 միլիոն ԱՄՆ դոլար ստանալու սխեմա ստեղծելու մեջ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Արդարադատության նախարարությունը։


ԱՄՆ դաշնային դատարանի երդվյալ ատենակալները 42-ամյա Ռիչարդ Այվազյանին, նրա կնոջը՝ Մարիետա Տեր-Աբելյանին, եղբորը՝ 41-ամյա Արթուր Այվազյանին և Գլենդելից 41-ամյա Վահե Դադյանին մեղավոր են ճանաչել բանկային խարդախությունների, համացանցային խարդախությունների և փողերի լվացման մեջ: Արթուր Այվազյանը մեղավոր է ճանաչվել նաև ծանրացուցիչ հանգամանքներում անձնական տվյալներ գողանալու մեջ:


Ըստ դատախազության՝ 4 ամերիկաբնակ հայերը ներկայացել են կեղծ անուններով, ինչպես օրինակ «Յուլյա Ժադկո» և «Վիկտորիա Կաուիչկո», որպեսզի հայտ ներկայացնեն՝ կորոնավիրուսի բացասական ազդեցությունը մեղմելու համար նախատեսված տնտեսական աջակցության ծրագրերից օգտվելու համար: Տեղեկացվում է, որ հայտերում հաճախ օգտագործվել են կեղծ փաստաթղթեր, ինքնություններ, հարկային փաստաթղթեր ու վճարային տեղեկություններ:


Դաշնային իշխանությունները հայտնում են, որ COVID-ի հետևանքների չեզոքացման համար նախատեսված օգնության ֆոնդերից խարդախությամբ ստացած ավելի քան 18 միլիոն դոլարով ամբաստանյալները վճարումներ են կատարել Տարզանայում, Գլենդելում և Փոլմ Դեզերթում շքեղ տներ, ոսկեղեն, ադամանդներ, թանկարժեք ժամացույցներ, կահույք, դիզայներական պայուսակներ, հագուստ և այլն գնելու համար։


«Փնտրելով արագ հարստանալու ճանապարհ՝ ամբաստանյալները գողացել են դաշնային միջոցները, որոնք նախատեսված էին COVID-19 համաճարակից տուժած ամերիկացիների և դրա հետևանքով առաջացած տնտեսական հետևանքների չեզոքացման համար»,- հայտարարել է դատախազ Թրեյսի Ուիլքինսոնը:


Դատարանը վճիռը կհրապարակի սեպտեմբերի 13-ին: Դատախազները հայտնել են, որ այս գործով անցնող ևս 4 անձ արդեն ընդունել է մեղքը: Այդ անձանց թվում է Էնսինոյի 39-ամյա բնակիչ Թամարա Դադյանը, որը Այվազյան եղբայրներից Արթուրի կինն է և Վահե Դադյանի զարմուհին: Դադյանն ընդունել է մեղքը բանկային խարդախության և կապի էլեկտրոնային միջոցներով կատարված խարդախության, ծանրացուցիչ հանգամանքներում անձնական տվյալներ գողանալու և նախնական համաձայնությամբ փող լվանալու մեջ: Կնոջը սպառնում է մինչև 52 տարվա ազատազրկում: Վճիռը կհրապարակվի սեպտեմբերի 27-ին:




Comments

Couldn’t Load Comments
It looks like there was a technical problem. Try reconnecting or refreshing the page.
858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page