Երևանում ընտրությունների օրը ապօրինի տեղադրվել է 5 կրպակ․ Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր՝ ավագանու նիստի ժամանակ, հայտարարեց, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրը Երևանում ապօրինի տեղադրվել է 5 կրպակ։
«Ինձ զեկուցել են, որ ընտրությունների օրը 5 կրպակ է ապօրինի տեղադրվել, որոնցից երկուսը՝ ոստիկանների ներկայությամբ: Ոստիկանական ուժերը զբաղված էին ընտրությունների անցկացման ապահովմամբ, չեն կարողացել դրա դեմն առնել, կանգնել են, նայել՝ ինչ է կատարվում»,- ասաց Մարությանը:
Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ 7-8 օր առաջ էլ կրպակների ապօրինի տեղադրման մեկ այլ դեպք է տեղի ունեցել։
«Մեր աշխատակիցներից 8 հոգի, ինչպես նաեւ ոստիկաններից 3 հոգի ներկա են եղել այդպիսի մի կրպակի տեղադրմանը: Դրան մասնակցել է 40-50 մարդ: Մեր աշխատակիցները ոստիկանների հետ միասին փորձել են կանխել, բայց չեն կարողացել։ Տեղադրողները զինված են եղել տարբեր տիպի մահակներով, դանակներով»,- ասաց նա:
Քաղաքապետը նաև նշեց՝ գործում են հատուկ կրիմինալ խմբավորումներ, որոնք սխեմաներով են աշխատում, և այդ սխեմաներում կան մարդիկ, որոնք բոլոր օղակներում աշխատում են՝ սկսած պետական մարմիններից, վերջացրած դատարաններից:























Comments