Եթե ժամանակ չունեք, վայր դրեք Ձեր մանդատը․ Հայկ Մարությանը՝ իմքայլական ավագանու անդամին

Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ունեցած ելույթում «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Գայանե Եղիազարյանն անդրադարձավ Աջափնյակ համայնքում իրականացվող զանգվածային ապօրինի շինարարություններին։
Նա նշեց, որ եթե նախկինում նման աշխատանքներն իրականացվում էին ոչ աշխատանքային օրերին, հիմա արդեն աշխատանքային օրերին մարդիկ հանդգնում են ապօրինի խանութներ ու կրպակներ տեղադրել կանաչ տարածքներում։
Դիմելով Մարությանին՝ Եղիազարյանն ասաց․
«Պարոն քաղաքապետ, 3 տարի է, ինչ ղեկավարում եք քաղաքապետարանը, մենք ավագանու անդամներ ենք, և այս օրենքը դեռևս բաց է»։
Նա նշեց, որ ավագանու գործառույթն է՝ վերահսկել քաղաքապետարանի գործունեությունը, ինչպես նաև քաղաքապետի բերած օրենքի, բյուջեի փոփոխությունները, հաստատել կամ չհաստատել դրանք։
«Ավագանին հայեցողական պաշտոն է, հետևաբար, շատ ավագանիներ իրենց հիմնական աշխատանքն ունեն և չունեն ժամանակ, որ նստեն օրենքներ գրեն քաղաքապետարանի գործունեությունը լավացնելու համար։ Քաղաքապետարանն ունի իրավական վարչություն, որը պարտավոր էր երեք տարվա մեջ օրենքի այս բացը լրացնել։ Վարչական շրջանի ղեկավարի հետ խոսում ես, ասում է՝ օրենքից դուրս է, չի ուզում ոչինչ անել, այսինքն, չկա օրենքում մի կետ, որը պաշտպանում է համայնքային հողերը։ Նրանք վախենում են դատվելուց․ ի՞նչ է նշանակում՝ վախենում են, ինչի՞ համար են իրենք վարչական շրջանների ղեկավարներ, եթե չպետք է պաշտպանեն համայնքային հողը»,- ասաց նա։
Հայկ Մարությանը, անդրադառնալով ավագանու անդամների ժամանակ չունենալուն, ասաց․ «Կներեք, եթե ժամանակ չունեք, վայր դրեք ձեր մանդատը, թող գան այն մարդիկ, որոնք ժամանակ ունեն դրանով զբաղվելու»։























Comments