Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ կատարված մեծագույն հանցանք է․ Վրաստանի ՍԴ նախագահ

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Թուրավայի գլխավորած պատվիրակությունը ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Տիկին Գզոյանը հյուրերին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին: Վրաստանից ժամանած հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը: Նրանք շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին Մերաբ Թուրավան գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում, մասնավորապես նշելով՝ Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ կատարված մեծագույն հանցանք է:























Comments