Նոյեմբերի 5-ին Արցախի նախագահի խնդրանքով ենք գնացել Շոշ գյուղ․ Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր Հանրայինի եթերում անդրադարձավ գեներալ Գագիկ Մելքոնյանի հայտարարությանը, թե, իբր, ինքը «փախել է ռազմի դաշտից»։
«Դա իրականության հետ որևէ աղերս չունի։ «Հայրենիք» զորախմբի միակ մեղավորությունն այն է, որ մենք չենք զոհվել։ Մարտնչել ենք ամենաթեժ վայրերում, իսկ վերջին օրը, երբ եղավ հայտնի հայտարարությունը, ես գնացել եմ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի մոտ և հարցրել՝ մենք ուրիշ առաջադրանք ունե՞նք, ասել է՝ ոչ, և մենք վերադարձել ենք»,- պատմեց Արթուր Վանեցյանը։
Նա հավելեց, որ Վարդենիսում իրենք հանձնել են ամբողջ զենքը, որը ստացել են ՊՆ-ից, ապա վերադարձել Երևան։
«Ի՞նչ է նշանակում՝ փախուստ, ամոթ է։ Ես մարդ էլ չեմ ուզում կոչել իրեն։ Այսօր նա իրեն սրբի տեղ է դրել, խոսում է արդարությունից, մարդ, որն ունի բանակը թալանողի ամենամեծ համբավը, մարդ, որն ունի բազմաթիվ հանքեր, հյուրանոց Անապայում, դղյակներ ու ռեստորաններ։ Թող մի հատ ստուգեն, տեսնեն՝ ունի՞, թե՞ ոչ»,- նշեց նա։
Բացի այդ, Արթուր Վանեցյանը հայտարարեց՝ իրենք եղել են ՊԲ հրամանատարի ուղիղ ենթակայության ներքո, իրենց ուղարկել են ամենադժվար վայրերը։
«Նոյեմբերի հինգին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խնդրանքով գնացել ենք Շոշ գյուղ։ Անձամբ Արայիկ Հարությունյանն է ինձ ասել, որ այնտեղ մարդ չկա, ու պետք է գնալ։ ՊԲ հրամանատարն էլ է ասել՝ գնալ Շոշ գյուղ, գնացել ենք ու մինչև վերջին վայրկյանը մնացել ենք այնտեղ։ Ի դեպ, մինչև հիմա էլ Շոշը հայկական է, իսկ որտե՞ղ էր այդ Գագիկ Մելքոնյանը»,- հարց հնչեցրեց նա։
Վանեցյանը նշեց, որ իր տեղեկություններով՝ Գագիկ Մելքոնյանը եղել է Քարվաճառում, որն այժմ ադրբեջանական վերահսկողության ներքո է։
Նա հիշեցրեց նաև, որ դատական հայց է ներկայացնելու Գագիկ Մելքոնյանի դեմ, և համոզմունք հայտնեց, որ շատ կարճ ժամանակ անց Հանրայինի եթերում Մելքոնյանը հերքելու է իր ասածները։
«Հայրենիք» կոսակցության ղեկավարը նշեց նաև, որ այդ, այսպես կոչված՝ փախուստի հարցը հերքել է ՊԲ-ն, գլխավոր դատախազությունը, ՀՔԾ-ն, ՔԿ-ն և ԱԱԾ-ն։























Comments