Հայ-իրանական հարաբերությունները համագործակցության հաջող մոդել են. Իրանի դեսպանը՝ ՀՀ ԱԽ քարտուղարին
- Sep 22, 2021
- 1 min read

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աբբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին հայտնում է ԱԽ գրասենյակը:
Արձանագրելով հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը երկու երկրների համար՝ կողմերը ընդգծել են, որ բարձր և բարձրագույն մակարդակով հանդիպումների ինտենսիվությունը վկայում է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և արդյունավետ փոխգործակցության մասին:
Դեսպան Զոհուրին նկատեց, որ հայ-իրանական հարաբերությունները համագործակցության հաջող մոդել են, որոնք նկատելի որակական փոփոխություն են կրել վերջին տարիների ընթացքում: Երկուստեք շեշտվեց առևտրաշրջանառության բարձր մակարդակը, որը անցնող տարվա ընթացքում գրանցել է զգալի աճ:
Դեսպան Զոհուրին մտահոգություն է հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների մասին: Անդրադառնալով Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների անխափան շահագործմանը՝ քարտուղար Գրիգորյանը ընդգծեց, որ Հայաստանը գիտակցում է այս հարցի զգայուն լինելը իրանցի գործընկերների համար, և նույնպես կարևորում է հարցի արագ լուծումը:
Առանձին անդրադարձ կտարելով Հնդկաստանից Սև Ծով բեռնափոխադրումների հարցին՝ երկուստեք շեշտվել է Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը, ինչպես նաև արձանագրվել է, որ Հայաստանն այդ ճանապարհին կարևոր օղակ է:
Կողմերը քննարկեցին երկու երկրների միջև անվտանգային, տնտեսական, էներգետիկ համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր:


























Comments