Ռուսական ռազմական ներկայությունը՝ Հայաստանի անվտանգության կարևորագույն բաղադրիչ. վերլուծական
- May 15, 2021
- 2 min read

Հայաստանի անվտանգության կարևորագույն երաշխիքներից է Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքը, որի առանցքն է կազմում 1997 թվականին ստորագրված «Մեծ» պայմանագիրը:
Պայմանագիրն ենթադրում է ռազմական խորը համագործակցություն՝ ռազմական ագրեսիայի համատեղ հետ մղում, ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնում և այլն: Պայմանագիրն ունի նաև տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում կոոպերացիայի մասին դրույթներ:
Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում՝ հայ-թուրքական և հայ-իրանական սահմանների պաշպանությունը, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան, Երևանում՝ «Էրեբունի» օդանավակայանում, տեղակայված ռուսական օդուժը՝ հայկական զինված ուժերի հետ համատեղ ապահովում են Հայաստանի արտաքին սահմանների անվտանգությունը, Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը:
Հայ-թուրքական և հայ-իրանական սահմանը հսկում են ռուսական սահմանապահ զորքերը, ինչը թույլ է տալիս հայկական զինված ուժերին կենտրոնացնել բոլոր ուժերը՝ հայ-ադրբեջանական սահմանի պաշտպանության վրա: Ռուսական ռազմական ներկայության շնորհիվ Հայաստանը չի պատերազմում երկու ճակատով՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական, ինչը շատ բարդ էր լինելու հայկական կողմի համար՝ հաշվի առնելով թուրքական մեկ միլիոնանոց բանակի ներուժը:
Ռուսական ռազմական ներկայությունը՝ գեոպոլիտիկ հետաքրքրություն է ներկայացնում թե՛ Մոսկվայի, թե՛ Երևանի համար: Ռուսական կողմը Հայաստանում ռազմաբազայի, ռուսական զորքերի ներկայության շնորհիվ կարողանում է մասնակցել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին՝ ժամանակին Ռուսաստանն ուներ ռազմական ներկայություն նաև Վրաստանում և Ադրբեջանում, սակայն, այսօր միայն Հայաստանն է, որ տրամադրում է իր տարածքը ռուսական կողմին՝ առկա պայմանագրերի հիման վրա:
Արցախյան պատերազմից հետո ռուսական ռազմական ներկայությունն ավելացավ նաև Սյունիքում՝ Արցախում գտնվող ռուսական խաղաղապահների հետ զուգահեռ, ինչն այսօր շատ արդիական է՝ ելնելով ադրբեջանական կողմի ռազմական ագրեսիայից և սողացող էքսպանսիայից՝ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
Հայ-ռուսական ռազմական, ռազմավարական դաշնակցային կապերի ամրապնդումը՝Հայաստանի ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչն է մնալու միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում, քանի որ Ադրբեջանը շարունակում է միլիարդներ ծախսել արդի զինատեսակներ գնելու համար՝Թուրքիայից, Իսրայելից, հետխորհրդային երկրներից, ինչպես նաև զարգացնում է սեփական ռազմաարդյունաբերական համալիրը՝փորձելով դառնալ մի շարք զինատեսակներում ինքնաբավ երկիր: Դրան զուգահեռ խորանում են թուրք-ադրբեջանական ռազմական, ռազմատեխնիկական կապերն ու համատեղ զորավարժությունների թիվը գնալով աճում է:
Հարավային Կովկասում այսօր ստեղծվել է ռազմա-քաղաքական հետևյալ ստատուս-քվոն՝Թուրքիան հենվում է Ադրբեջանի վրա՝պանթուրքական ծրագրերը ռուսական, իրանական, կասպյան-կենտրոնականասիական ուղղություններով իրականացնելու համար, իսկ Մոսկվան հենվում է Հայաստանի վրա՝ռուսաստանյան հարավային շրջանների անվտանգությունը պաշտպանելու, Մեծ Թուրանի ծրագրի կյանքի կոչումը թույլ չտալու, ինչպես նաև Իրանի հետ ռազմա-քաղաքական, տնտեսական կապերը խորացնելու համար:
Comentários