top of page

Պատերազմի ավարտից հետո Արցախում նկատելի են բևեռացումներ. հայտարարություն

Jun 25, 2021
1 min read


Արցախի խորհրդարանում ներկայացված 5 քաղաքական ուժերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․


«Հարգելի՛ հայրենակիցներ

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը բոլորիս կանգնեցրել է աշխարհաքաղաքական և տարածաշրջանային նոր մարտահրավերները հաղթահարելու, անվտանգության սպառնալիքները դիմագրավելու և պատերազմի հետևանքով ի հայտ եկած կենսական խնդիրների լուծման պարտադրանքի առջև:

Մեզ համար գերական և թանկը հայրենիքն է, հայրենիքի պահպանումը, կորցրածի վերանվաճումը և արցախցու իրավունքի վերականգնումը հայրենի հողում ապրելու, զարգանալու և բարգավաճելու ուղղությամբ:


Պատերազմի ավարտից հետո նկատելի են բևեռացումներ, որոնք ուղեկցվում են պիտակավորումներով: Հանրության տարբեր շերտեր անհարկի վիրավորանքների թիրախ են դարձել. սպառնալիքներ են հնչում և հայի միասնականության ոգուն անհարիր երևույթներ դրսևորվում:


Մեր կողմից անընդունելի և դատապարտելի է ազգին համախմբող բարոյական և պետական հիմքերի խարխլումը, հասարակության մեջ ատելության և թշնամանքի սերմանումն ու հրահրումը, որի արդյունքում ի հայտ են գալիս արհեստածին, լարված իրավիճակներ:


Հատկապես վտանգավոր են այն հայտարարությունները, որոնք կարող են սեպ խրել Արցախի և Հայաստանի քաղաքացիների միջև: Կոչ ենք անում բոլորին իրենց կարծիքն ու մոտեցումները արտահայտելու գործում լինել հավասարակշիռ, հանդուրժող և հարգալից մոտեցում ցուցաբերել միմյանց նկատմամբ: Միասնականությունը մեր հայրենիքին պատուհասած այս դժվարին օրերին կարևոր շաղախն է մեր կորցրածը հետ բերելու, այս ծանր ճգնաժամը հաղթահարելու և ի վերջո ապագայի նկատմամբ հայ ժողովրդի հավատը վերականգնելու համար:

Համոզված ենք, որ խորհրդարանը, լինելով հանրության կողմից ձևավորված քաղաքական մարմին, կարող է ծառայել որպես երկխոսության լավագույն հարթակ հանրային պահանջները ներկայացնելու, ինչպես նաև քաղաքական և հասարակական կառույցների տեսակետները առարկայական դարձնելով և գործնականի վերածելու համար:

«ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ–ՔՄԴ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ»:



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page