top of page

Սթրեսային վիճակ. շուկայում հեղուկ գազ չկա. «Ժողովուրդ»

  • Jul 27, 2021
  • 1 min read



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Արդեն մի քանի օր է, ինչ հեղուկ գազի շուկան սթրեսային վիճակում է: Վարորդները բողոքում են. շուկայում հեղուկ գազ չկա, իսկ եթե գազալցակայանը հեղուկ գազ ունի, ապա վարորդին հրաժարվում է 5000 դրամից ավել վաճառել: Բայց պարզվում է, որ այս շուկայում առաջացած պակասուրդը խորը պատճառներ ունի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հեղուկ գազ ներկրողները հայտնվել են անելանելի վիճակում. մենք գրել էինք, որ ներկրողները Իրաքում և Ռուսաստանում ստիպված են լինում օրերով սպասել՝ ինչ-որ քանակությամբ հեղուկ գազ գնելու համար: Մեզ հայտնի դարձավ նաև այն, որ Ռուսաստանն ու Իրաքը կտրուկ բարձրացրել են հեղուկ գազի գինը, և հայ ներկրողներին առաջարկում են բոլորովին այլ՝ ձեռքբերման ավելի բարձր գին:

Բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը հիմա այլ լուծումներ է փնտրում՝ խնդիրը կարգավորելու ուղղությամբ։ Այժմ պետական մակարդակով բանակցություններ են ընթանում Իրանի ու Քաթարի հետ: Կհաջողի արդյոք կառավարությանը, թե ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն, որ հեղուկ գազի գինը դեռ որոշ ժամանակ բարձր կմնա, դա հաստատ է: Նշենք, որ այս շուկայում տիրող իրավիճակը վարորդների շրջանում խուճապ է առաջացրել, քանի որ որոշ գազալցակայաններ, առիթից օգտվելով, իրենց ունեցած հեղուկ գազի մեկ լիտրի գինն անհասկանալի ձեւով բարձրացրել են՝ հասցնելով մինչև 280 դրամի:

Բայց գների զսպմամբ զբաղվող հայաստանյան միակ կառույցն այս հարցում ձեռքերը լվացել և մի կողմ է քաշվել՝ պատճառաբանելով, որ շուկան մրցակցային է և ունի կենտրոնացվածություն: Բայց, արի ու տես, այս անգործությունից օգտվում են որոշ տնտեսվարողներ և թալանում վարորդներին»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 27․07.21թ համարում։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page