Առաջիկա հանդիպումներում կձգտենք ցուցադրել մեր լավագույն խաղը․ Հենրիխ Մխիթարյան
- Sep 1, 2021
- 1 min read

Հավաքականի ֆուտբոլիստները շատ լավ աշխատանք են կատարել՝ հաղթելով առաջին երեք խաղերում։ Այդ մասին այսօր Հյուսիսային Մակեդոնիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի չորրորդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսում ասաց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Նա նշեց, որ առաջիկա հանդիպումներում էլ իրենք կձգտեն ցուցադրել իրենց լավագույն խաղը, հաղթանակ տանել։ «Վերջում կերևա, թե այս ընտրական փուլում ինչի կարող ենք հասնել»,- ասաց նա։ Հենրիխ Մխիթարյանի խոսքով՝ հաղթողի հոգեբանությունը ազգային հավաքականում ձևավորվել է դեռ Ազգերի լիգայի խաղերում, որտեղ թիմը շատ լավ հանդես եկավ և առաջին տեղը գրավեց։ «Դա դրսևորվեց նաև այս ընտրական փուլի խաղերում։ Թիմային խաղի որակը շատ է բարձրացել։ Տղաները հավատում ենք իրենց ուժերին և հաղթելու հնարավորությանը»,- ասաց նա։ Ֆուտբոլիստը նկատեց՝ առաջին խաղերում եղել են առանցքային ֆուտբոլիստներ, որոնք կարողացան թիմը տանել իրենց հետևից և արդյունք ապահովել։ «Հուսանք, որ առաջիկա խաղերում էլ այդպես կլինի։ Բազմիցս ասել եմ, որ բոլորը պետք է պատասխանատվություն վերցնեն։ Ցավոք, վաղը չեն խաղա Հարոյանը, Բարսեղյանն ու Բայրամյանը, բայց մյուսներն էլ կարող են արժանիորեն փոխարինել նրանց»,- ասաց Մխիթարյանը։
Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին:























Comments