Ասում էր՝ միայն քո ծննդյան օրը չզոհվեմ, հարամ չանեմ կյանքիդ մնացած տարեդարձները․ կապիտանի կին
- Sep 29, 2021
- 1 min read

Կապիտան Արթուր Ռաֆիկի Սարգսյանն է՝ արցախյան 44-օրյա պետերազմի մասնակից։
Սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ապա վերադարձել է Արցախ ու անցել ծառայության։

«Պատերազմից մեկ շաբաթ առաջ արդեն դիրքերում էր»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է կապիտանի կինը՝ Ժենյան,- «մինչև նոյեմբերի վերջ մնացել է այնտեղ, երեք ամիս չէի տեսել նրան, ես էլ արդեն երեք ամսական հղի էի, երկրորդ բալիկին էինք սպասում»։
Արթուրի կինը դաժան օրեր է ապրել։
«2,5 տարեկան աղջկաս գրկած՝ մի քանի գիշեր նկուղում ենք անցկացրել, մինչև Երևան եկանք, իսկ Արթուրն ասում էր՝ տղաներիս պետք է իրենց ծնողներին հասցնեմ։ Այդպես էլ մինչև պատերազմի վերջանալը չթողեց ռազմի դաշտը»,- պատմում է նա։

Ժենյայի վկայությամբ՝ Արթուրը հաճախ է ճիշտ ռազմավարության արդյունքում մի քանի տասնյակ զինվորների կյանք փրկել։
«Ոգևորում էր նրանց, որ հանկարծ խուճապ չառաջանա»,- պատմում է կինը։
Հոկտեմբերի 27-ին Արթուրն ամենաթեժ մարտերին է մասնակցել։
«Ամենաթեժ մարտերը եղել են իմ ծննդյան օրը, ասում էր՝ միայն թե այդ օրը չզոհվի, հարամ չանի իմ կյանքի մնացած տարեդարձները»,- անկեղծանում է կինը։

Արթուրը թշնամու բայրաքթարը նկատելուն պես վայրկյանների ընթացքում կողմնորոշվել է և ճիշտ հրամաններ արձակել, ինչի շնորհիվ առանց զոհի կարողացել է կատարել մարտական հանձնարարությունը։
«Իրենց մարտկոցի հրամանատարին են խփել, կուրացել էր։ Հենց այդ մասին իմացել է, թողել է ամեն բան, վերցրել է շտապօգնության մեքենան ու գնացել է հենց դեպքի վայր՝ տղաների մոտ, այնտեղ շատ վիրավորներ են եղել, որոնց անվտանգ ուղարկել է թիկունք, իսկ մարտունակներին ոգևորել, ասելով՝ եթե դուք չխփեք, ձեզ են խփելու։ Տղաներն, իհարկե, շարունակել են մարտը։ Երևի այդ օրն էր, որ մտածում էր՝ հետ չի գա, բայց, փառք Աստծո, աղոթքներս Արթուրիս հետ էին։ Արթուրն ամենալավ ամուսինն է ու լավ հայր իր երեխաների համար»,- ասում է Ժենյան։
Արթուր Սարգսյանը մասնակցել է նաև ապրիլյան պատերազմին։





Սեդա Մակարյան


























Comments