top of page

Արդյո՞ք Ադրբեջանը որևէ մեկի խոսքին էր սպասում՝ պատերազմ սկսելու համար. «Ժողովուրդ»

May 26, 2021
2 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկար ժամանակ է, ինչ հասարակական-քաղաքական շրջանակները քննարկում են թեման, որ Ադրբեջանի համբերության բաժակը լցվեց այն պահից, երբ Փաշինյանն արտաբերեց «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը: Օրեր առաջ նման միտք արտահայտեց նաև 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը, ի թիվս այլ մեղադրանքների, խոսեց նաև Փաշինյանի վերոնշյալ արտահայտության մասին: Իրականում հասկանալի է, որ մի հայտարարությունը չէր կարող մարտական դիրքի բերել հրացանները։


Ադրբեջանը հարձակվելու մտադրություն միշտ է ունեցել, քանի որ ռազմական բալանսը խախտվել էր դեռևս 2003-2004թթ-ից, երբ Ադրբեջան սկսեցին հոսել միլիարդավոր նավթադոլարներ, ու այդ երկիրը սկսեց բացահայտ խոսել Արցախի հարցը ռազմական ճանապարհով լուծելու մասին: Իսկ 2018-ի ապրիլին ԱԺ ամբիոնից հայտարարվեց, թե մենք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանը չի փորձելու ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը։ Նիկոլ Փաշինյանը մշտապես հիշեցրել է, որ դեռևս 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանը հայտարարում էր բանակցությունների ավարտն ու պատերազմի տրամաբանական սկիզբը։ Հիմա Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները մշտապես բարձրացնում են հարցը. իսկ ինչպե՞ս ենք մենք պատրաստվել պատերազմին։ Ոչ մի թիզ հող, Բաքվում թեյ խմելու պատրաստակամության և նմանատիպ այլ արտահայտություններն ու ձևակերպումները եղել է հայ քաղաքական գործիչների կամ նրանց թիմակիցների սիրելի գործելաոճը` հայրենասեր ու հայրենատեր երևալու համար:


Այդ միտքը ներարկվել է հասարակության մեջ միշտ։ Իսկ իրականում բարձրաստիճան շատ զինվորականներ դեռ տարիներ առաջ շշուկով խոսում էին, որ այսպես երկար դիմանալ չենք կարող։ Թեև նախկին իշխանությունները հայտարարում են, թե իրենք երկիր պահել են ամեն գնով, այնուամենայնիվ, գործող իշխանությունը հիշեցնում է, որ բանակից անհայտ պատճառներով ազատվել են հազարներով մարդիկ, դրա պատճառով միջդիրքային հեռավորությունները գնալով նոսրանում էին։


Դե իսկ տնտեսությունը չէր հասցնում այն ծավալների զենք-զինամթերք գնել, ինչ չափով ազերիների ձախակողմյան նավթադոլարներն էին գեներացնում։ Ավելին, միլիարդները նաև միջազգային հարթակներում էին սկսել հարցեր լուծել: Այսպիսով, պետք է արձանագրենք, որ 44-օրյա պատերազմում մենք պարտվել էինք դեռ վաղուց։ Ուղղակի գործող իշխանության օրոք սկսվեց, և վատ կառավարումն էլ իր դերն ունեցավ պարտության հարցում»։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page