ՄԱԿ-ի միջազգային դատարանը Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ հանրային լսումներ կանցկացնի

ՄԱԿ-ի միջազգային դատարանը հոկտեմբերի 14-ին և 15-ին Հաագայի Խաղաղության պալատում կանցկացնի հանրային լսումներ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ (Հայաստանն՝ ընդդեմ Ադրբեջանի):
Լսումները նվիրված կլինեն ժամանակավոր միջանկյալ միջոցներ կիրառելու մասին Հայաստանի Հանրապետության հայցին:
Բացի այդ, հոկտեմբերի 18-ին և 19-ին դատարանը լսումներ կանցկացնի Ադրբեջանի ներկայացրած նմանատիպ պահանջով:
COVID-19-ի համավարակի պատճառով լսումները կանցկացվեն հիբրիդային ձևաչափով: Դատարանի որոշ անդամներ անձամբ ներկա կգտնվեն Արդարադատության մեծ դահլիճում կայանալիք բանավոր նիստերին, իսկ մյուսները կմասնակցեն հեռակա տեսաուղերձի միջոցով: Գործի քննությանը կողմերի ներկայացուցիչները կմասնակցեն անձամբ կամ տեսակապով:
Հիշեցնենք, որ Հայաստանը ՄԱԿ-ի միջազգային դատարանում դատավարություն էր նախաձեռնել Ադրբեջանի հետ՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի համաձայն: Հայկական կողմի ներկայացրած հայցադիմումում նշվում է, որ «Ադրբեջանը տասնամյակներ շարունակ Հայաստանին ենթարկել է ռասայական խտրականության», որն արտահայտվել է, ի թիվս այլ բաների, զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այլ խախտումների մեջ: Ըստ հայկական կողմի պնդման՝ «այդ խախտումները կրկին առաջին պլան են դուրս եկել 2020 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած հակամարտության ժամանակ», երբ ադրբեջանական կողմը կրկին թույլ է տվել կոնվենցիայի կոպիտ խախտումներ: Եվ նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրադադարին հաջորդած ռազմական գործողությունների ավարտից հետո, Ադրբեջանը շարունակեց սպանություններ, խոշտանգումներ և այլ հանցագործություններ իրականացնել հայ ռազմագերիների, պատանդների և այլ բանտարկյալների դեմ:
Այդ հիմքով Հայաստանը պահանջում է, որ Ադրբեջանը մեղավոր ճանաչվի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան խախտելու համար՝ հետագա վնասները կանխելու և արդեն պատճառված վնասները փոխհատուցելու համար:
Հայցում պահանջվում է նաև Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջանկյալ միջոցներ ներդնել՝ Հայաստանի և հայերի իրավունքները հետագա ոտնձգություններից պաշտպանելու և տարաձայնությունների սրումը կանխելու նպատակով:























Comments