ՀՀ-ն պետք է հզորացնի բանակն ու ամրապնդի Հայաստան-Արցախ տանդեմը
- Nov 26, 2021
- 1 min read

Սոչիում այսօր կկայանա Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումը: Ադրբեջանում և Հայաստանում տարբեր ակնկալիքներ ունեն այդ հանդիպումից: Բաքուն ցանկանում է օր առաջ սկսել դելիմիտացիան և դեմարկացիան, որպեսզի Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն՝Արցախն, ըստ Բաքվի տրամաբանության, ճանաչելով Ադրբեջանի մաս:
Հայաստանը ցանկանում է բացել կոմունիկացիաներն ու թուլացնել լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին՝սկսելով դելիմիտացիան և դեմարկացիան, սակայն այդ գործընթացը չկապելով Արցախի խնդրի հետ, որը պետք է լուծվի Մինսկի խմբի շրջանակներում: Արցախի տարածքի մի մասն օկուպացված է Բաքվի կողմից՝տեղի հայ բնակչությունը տեղահանված է, իսկ Արցախի կարգավիճակի հարցն այդպես էլ չի որոշվել:
Ադրբեջանը ցանկանում է ռազմա-քաղաքական ճնշման միջոցով Երևանից կորզել առավելագույն տարածքային զիջումներ՝այդ թվում Զանգեզուրի միջանցքի տեսքով, որպեսզի Ադրբեջանի նախագահն իր հասարակությանն այդ միջանցքը ներկայացնի, որպես նոր հաղթանակ:
Հայաստանի շահերից չի բխում Զանգեզուրի միջանցքի տրամադրումը, իսկ ինչ վերաբերում է կոմունիկացիաների վերաբացմանն, ապա պետք է հաշվարկվեն այդ գործընթացի բոլոր ռիսկերը՝հայկական տնտեսությունը կարող է կլանվել թուրքական և ադրբեջանական բիզնեսի կողմից ու ընկնել տարանցիկ մեծ կախվածության մեջ Ադրբեջանից:
Իր հերթին, ՌԴ-ն ցանկանում է հսկողության տակ պահել իրավիճակը Հարավային Կովկասում՝արցախյան ճակատում և հայ-ադրբեջանական հակամարտությունում ձեռքը պահել պուլսի վրա՝թույլ չտալով Արևմուտքին դառնալու միջնորդ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում:
Դելիմիտացիան և դեմարկացիան երկարատև՝տարիներ պահանջող գործընթաց է՝այն չի կարող արագ հանգուցալուծվել, սակայն այդ ընթացքում Ադրբեջանը շարունակելու է ռազմական սադրանքներն ու հայկական սահմանամերձ գյուղերը դատարկելու, հայկական տարածքների հաշվին ադրբեջանական դիրքեր կառուցելու ռազմավարությունը: Սողացող պատերազմը շարունակվելու է երկար ժամանակ՝Հայաստանը պետք է ունենա ամրապնդված և կահավորված առաջնագիծ, մարտունակ զինված ուժեր, որոնք ցանկացած պահի պետք է կարողանան հակահարված տան Բաքվի սադրիչ գործողություններին:
Չմոռանանք, որ 4 տարի անց լրանում է նաև Արցախում ռուսական խաղաղապահների ներկայության ժամկետն ու Բաքուն չի ցանկանա երկարաձգել ռուս խաղաղապահների ներկայության մանդատը: Դա նշանակում է, որ 4 տարի անց Արցախում կարող է սկսվել նոր՝լայնածավալ պատերազմ և Բաքուն ցանկանում է մինչ այդ պահն ամրապնդվել Սյունիքում, Տավուշում և Գեղարքունիքում՝նոր ճակատներ բացելով հայկական բանակի դեմ:
Արտյոմ Բալասանով


























Comments