top of page

ՀՀ-ում գտնվող օտարերկրացիները մեր երկրում պատվաստվելու բազմաթիվ հայտեր են ներկայացրել․ դեսպան

Jul 7, 2021
2 min read


ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը «Համշահրի» օրաթերթի հետ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում օտարերկրացիների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման խնդրին:


Ստորև ներկայացնում ենք մի քանի ուշագրավ հատված դեսպանի հետ հարցազրույցից․


«Ի՞նչ աշխատանք է տարվում Հայաստանում կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստելու ուղղությամբ:


Սկսած այս տարվա մարտից՝ մեր երկրում իրականացվում են բնակչության պատվաստման աշխատանքներ: Այդ նպատակով օգտագործվում են երեք տիպի պատվաստանյութեր՝ «Սպուտնիկ-V», «Աստրա Զենեկա» և «Սինովակ»: Պատվաստումներն իրականացվում են անվճար և կամավորության սկզբունքով: Ներկա դրությամբ՝ նշված պատվաստանյութերի կիրառման ուղղությամբ տարիքային սահմանափակումներ չկան:


Մինչ օրս իրականացված պատվաստումների քանակը խիստ հեռու է բավարար լինելուց, սակայն ՀՀ իշխանությունները միջոցներ են ձեռնարկում ձեռքբերման տեմպերն արագացնելու ուղղությամբ:


Ի դեպ, համաճարակային վիճակը ներկայում բավարար է, թեև զգոնությունը կորցնելը կարող է անցանկալի հետևանքների հանգեցնել: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում արձանագրվել է ինչպես հիվանդացության, այնպես էլ մահվան ցուցանիշների կայունացում: Կորոնավիրուսային համաճարակի գնահատման տեսանկյունից ԵՄ- ն Հայաստանը ճանաչել է «կանաչ գոտի»:


ԻԻՀ առանձին պաշտոնյաներ իրանցիներին հորդորում են պատվաստման նպատակով չմեկնել Հայաստան: Ի՞նչ կարող եք ասել այդ մասին:


ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում ես էլ եմ հանդիպել որոշ պաշտոնյաների և առանձին անհատների ինչ-ինչ մեկնաբանությունների և վերլուծությունների: Եղել են իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ, նույնիսկ արվել են ոչ պատշաճ արտահայտություններ, որոնց հարկ չեմ համարում անդրադառնալ: Ակնհայտ է, որ Հայաստան- Իրան բարձր մակարդակի հարաբերություններին անհարիր են անկարևոր թեմաների անհարկի արծարծումները:


Բոլոր դեպքերում, քանի որ առկա են նաև թյուրընկալումներ, հարկ եմ համարում որոշակի տեղեկություն հաղորդել: Այս տարվա ապրիլի 23-ին հրապարակվել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանը, որով թույլատրվել է Հայաստանում գտնվող օտարերկրացիներին պատվաստվել անվճար և կամավորության սկզբունքով: Նման որոշման համար հիմք են ծառայել Հայաստանում գործող մի շարք օտարերկրյա դիվանագիտական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև տարբեր հանգամանքների բերումով Հայաստանում գտնվող այլ անձանց՝ մեր երկրում պատվաստումներ ստանալու մասին բազմաթիվ դիմումները: Հարկ է նշել, որ մինչ օրս պատվաստվածների բացարձակ մեծամասնությունը ՀՀ քաղաքացիներն են և Հայաստանում մշտական բնակություն ունեցողները։ Այս ընթացքում նման հնարավորությունից օգտվել են նաև տարբեր երկրների քաղաքացիներ, այդ թվում՝ իրանցիներ:


Փաստորեն օտարերկրացիների հետ կապված որոշումը հիմնված է նրանց դիմումների վրա


Նախևառաջ, հաշվի է առնվել մարդկանց կողմից դրսևորված ցանկությունը, սակայն կարևորվել են նաև հետևյալ երկու հանգամանքները: Առաջինը՝ մարդասիրական վերաբերմունքն է այդ անձանց նկատմամբ և երկրորդը՝ Հայաստանում որոշակի ժամանակահատված (շաբաթներ, ամիսներ և ավելի երկար ժամանակ) գտնվող անձանց պատվաստումը խիստ դրական է ազդում երկրում համաճարակային վիճակի վրա:


Մի հանգամանք էլ կարող եմ Ձեր ուշադրությանն արժանացնել: Լրացում է կատարվել գործող կարգում, համաձայն որի՝ օտարերկրացիների նկատմամբ կորոնավիրուսի դեմ պատվաստումներ թույլատրվում են, եթե վերջիններս Հայաստանում են գտնվում ավելի քան 10 օր: Դա հնարավորություն կտա առավել հասցեական դարձնել պատվաստման գործընթացը՝ թիրախավորելով Հայաստանում օբյեկտիվ անհրաժեշտությամբ գտնվող օտարերկրացիներին»:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page