Պաշտպանության բանակը Արցախից դուրս բերելու սցենարը Արցախը հայաթափելու սցենար է. ՀՀ ԱԳՆ

Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերն ակտիվացրել են իրենց սադրիչ գործողությունները ինչպես Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, այնպես էլ Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների դեմ։ Թիրախավորվել են նաև Հայաստան Հանրապետության և Արցախի բնակավայրերը։ Ադրբեջանական կողմն իր ագրեսիվ գործողությունները փորձում է քողարկել մի կողմից հայկական կողմին մեղադրելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումների մեջ, իսկ մյուս կողմից բացահայտ կերպով խեղաթյուրում է հենց նույն նոյեմբերի 9-ի հայտարարությունը։
Հարկ ենք համարում նշել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին կետը հստակ սահմանում է. «...կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»: Մինչդեռ ադրբեջանական զորամիավորումները հայտարարության ստորագրումից մեկ ամիս հետո հարձակում են սկսել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ, ինչի արդյունքում զավթել են այդ բնակավայրերը, սպանել և գերեվարել հայ զինծառայողներին։ Ներկայումս ադրբեջանական կողմը նույնպես փորձում է նոր դիրքեր զբաղեցնել շփման գծի տարբեր հատվածներում՝ տարբեր զինատեսակներով այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերով թիրախավորելով հայ դիրքապահներին։
Նմանօրինակ վերջին միջադեպը տեղի է ունեցել այսօր Մխիթարաշեն և Շոշ գյուղերի մերձակայքում։ Ադրբեջանական կողմի այն պնդումները, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը սահմանում է հայկական զորամիավորումների դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից բացահայտ կեղծիք է։























Comments