top of page

«Իմ քայլը» հիմնադրամը փնտրում է ֆոնդհայթայթման մասնագետ․ այս տարի օլիգարխները գումար չեն տալիս

Jul 6, 2021
2 min read





«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը ֆոնդահայթայթման և դրամաշնորհների պատասխանատուի փնտրտուքների մեջ է։ Համապատասխան թեկնածու չգտնելու պատճառով դիմելու վերջնաժամկետը երկարացվել է։ Նախկինում հիմնադրամը երբևէ նման աշխատակիցների փնտրտուքով չի զբաղվել։ MediaHub.am- ն ուսումնասիրել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի տարեկան հաշվետվությունները՝ պարզելու, թե ինչո՞ւ է այժմ նման անհրաժեշտություն առաջացել, արդյոք նվազե՞լ են փոխանցումները հիմնադրամին։


Հիմնադրամը ստեղծվել է 2018թ- ի քաղաքական վերադասավորումից հետո։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն Աննա Հակոբյանն է։ Մինչև այժմ հիմնադրամին փոխանցվել է 1․4 մլրդ դրամ, 3․1 մլն դոլար, 4․6 մլն ռուբլի, 6 208 եվրո, 10 000 ֆրանկ և 10 000 կանադական դոլար։


2018թ․ կատարվել են հետևյալ փոխանցումները․




2019թ․ Հիմնադրամ ամենաշատ փոխանցումներն են եղել։






2020թ․ փոխանցումները նախորդ տարվա համեմատ նվազել են գրեթե կրկնակի։






2021 թ․ առաջին կիսամյակում, ըստ Հիմնադրամի կայքում հրապարակված տվյալների, փոխանցումները չնչին են։






Այս տարի ոչ միայն հիմնադրամ փոխանցված գումարներն են քիչ, այլ նաև նվիրատուները: Որպես օրինակ նշենք, որ ամենամեծ գումարը փոխանցել են Տաթևիկ Գրիգորյանը՝ 300 հազար դրամ, և Վալերի Բալինյանը՝ 600 եվրո։


2021-ի փոխանցումների անհատական տվյալներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ հանրությանը հայտնի միակ անձը, որը գումար է փոխանցել, «Հայաստան» համահայական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանն է։ Վերջինս փոխացնել է 3 000 դրամ։ Ուշագրավն այս ցանկում ոչ միայն փոխանցումների կտրուկ նվազումն է, այլև այն, որ ցանկում բացակայում են նախկին տարիներին փոխանցում կատարած գործարարների ու օլիգարխների անունները։


Օրինակ՝ նախորդ տարիներին Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունը փոխանցել է 5 մլն դրամ, Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ գրուպ»-ը՝ նույնպես 5 մլն դրամ, Գագիկ Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը՝ 12 մլն դրամ, Գաբրիել Չենբերջյանը՝ 25 հազար դոլար և 12,6 մլն դրամ, Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթին»՝ 34,5 մլն դրամ, «Ալեքս Հոլդինգը»՝ 33,6 մլն դրամ, իսկ «Նատալի ֆարմը»՝ 10 մլն դրամ։


Հետաքրքրական է, որ «Իմ քայլը» հիմնադրամին փոխանցումներ են կատարել մի շարք հիմնադրամներ։ Մասնավորապես, փոխանցում է կատարել «Փիլիպոսյան և Փիլոսյան» հիմնադրամը՝ 15 հազար դոլար և 10 հազար ռուբլի, «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը՝ 5 մլն դրամ, «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամը՝ 42 834 600 դրամ և 45 մլն դրամ, «Արմենիան ֆյուչր» բարեգործական հիմնադրամը՝ 48 350 000 դրամ։


Նախկինում գումար է փոխանցել նաև «Դիջիթեյն» ՍՊԸ-ն (1 մլն դրամ), որտեղ այժմ աշխատում է Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը:


MediaHub.am-ի հետ զրույցում հիմնադրամի նախկին տնօրեն Հովհաննես Ղազարյանը նշեց, որ իր ղեկավարության ժամանակահատվածում ֆոնդահայթայթմամբ հիմնականում անձամբ էր զբաղվում։ Այլ հարցերի չցանկացավ պատասխանել։


Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Վահագն Թևոսյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով ֆոնդահայթայթման մասնաագետի փնտրտուքներին, նշեց, որ հիմա ինչ-որ կառուցվածք է փոխվել:


«Դա տնօրենի գործառույթն է, հոգաբարձուների խորհրդի անդամներn այդ հարցերով չեն զբաղվում և կարող են տեղյակ էլ չլինել․ պոստ ֆակտում տեղեկացվում է իրենց»,- ասաց նա։


Անդրադառնալով փոխանցումների նվազմանը՝ Թևոսյանը նշեց․


«Հիմնադրամն, ամեն դեպքում, նպատակների է ծառայում, կարող են լինել նաև ֆինանսական ինչ-որ խնդիրներ։ Այդ ֆինանսների զգալի հատվածը պատերազմից հետո փոխանցվել է համապատասխան հիմնադրամների, և պատերազմի ընթացքում ևս որոշակի ծրագրեր են կրճատվել, դրամահավաքի որոշակի մոդելներ են փոփոխության ենթարկվել, և որոշվել է, որ ֆոնդհայթայթման մասնագետի միջոցով պետք է դրամահավաք իրականացվի»։




ԱՐՄԻՆԵ ՆԱՎՈՅԱՆ

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page