Հովհաննես Հովհաննիսյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին
- Nov 3, 2021
- 2 min read

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին: Այդ մասին հայտնում են ԵՊՀ Հանրային կապերի ծառայությունից։
Հանդիպմանը ներկա են եղել ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դնիս Սումփֆը, ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը և միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը:
Հովհաննես Հովհաննիսյանը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ Մայր բուհը կարևորում է միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի հետ համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ նմանաբնույթ հանդիպումները նպաստելու են փոխգործակցության ընդլայնմանն ու նոր ոլորտների ներգրավվածությանը:
ՄԱԿ-ի մշտական համակարգողը շնորհակալություն է հայտնել իրեն ԵՊՀ կրկին այցելելու հնարավորություն ընձեռելու համար.
«Օրեր առաջ բավականին տպավորիչ հանդիպում եմ ունեցել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ղեկավար կազմի և ուսանողների հետ: Մենք շատ ենք կարևորում հատկապես ուսանողների ու երիտասարդ գիտնականների հետ հանդիպումները: Կարծում եմ, որ համապատասխան ծրագրերի ու նախագծերի մշակումը մեզ թույլ կտա էլ ավելի ընդարձակել ու արդյունավետ դարձնել մեր գործնական կապերը»:
Շոմբի Շարփը խոսել է նաև ՄԱԿ-ի որդեգրած քաղաքականության որոշ ուղղությունների, նպատակային և հեռանկարային ծրագրերի մասին, որոնց հիմնաքարը կրթությունն է:
«Երևանի պետական համալսարանն ամենահայտնի գիտական կառույցներից մեկն է, որը հարուստ պատմություն ունի։ ԵՊՀ-ն գիտական կադրերի ու գիտական ներուժի առումով կարևոր դերակատարում ունի պետության մի շարք ոլորտների զարգացման գործում: Այսօր բոլոր կառույցները, այդ թվում՝ գիտական կենտրոններն ու բուհերը, մի շարք մարտահրավերների առաջ են կանգնած՝ փորձելով նորագույն տեխնոլոգիաների միջոցով դիմակայել բոլոր փոփոխություններին: Ուստի այս տեսանկյունից ՄԱԿ-ը հատուկ քաղաքականություն է վարում մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ՝ ընդլայնելով համագործակցությունը»,- նշել է Շոմբի Շարփը:
ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին անդրադարձել է այն հիմնական ոլորտներին, որոնք առաջնահերթ են միջազգային կառույցի զարգացման ծրագրերում. «Կրթությունն այն հիմնական կետն է, որի վրա կառուցվում է գրեթե բոլոր բնագավառների դինամիկ զարգացման ռազմավարական ծրագրերը: Ուստի համալսարանների և գիտակրթական կենտրոնների հետ հանդիպումները շատ կարևոր են մեզ համար»: ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դնիս Սումփֆն էլ ընդգծել է, որ լավ հնարավորություն է միջազգային կրթական ծրագրեր և դասընթացներ մշակել հայ ուսանողների համար: Հովհաննես Հովհաննիսյանը հյուրերին ներկայացրել է ԵՊՀ համառոտ պատմությունը, կրթական և գիտական ուղղություններում առկա ձեռքբերումները, դրանց զարգացմանն ուղղված ծրագրերը: «ԵՊՀ-ում գիտակրթական երկու խոշոր ուղղություն կա՝ հասարակական գիտություններ և բնագիտական թև: Ներկայումս ուսումնասիրում ենք բուհի բնագիտական թևի հնարավորություններն ու կարողությունները, քանի որ նախատեսում ենք հետազոտական բուհի կարգավիճակ ձեռք բերել և այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր են արվում: Փոփոխություններ է իրականացվում նաև ինստիտուցիոնալ մակարդակով: Ընդհանրապես բոլոր ճյուղերը հավասարաչափ զարգացնելու համար բարեփոխումների փաթեթ է մշակվում»,- ասել է ռեկտորի ժ.պ.-ն: Ալեքսանդր Մարգարովն էլ անդրադարձել է ԵՊՀ միջազգային համագործակցության ոլորտին՝ որոշ մանրամասներ ներկայացնելով արտասահմանյան մի շարք առաջատար բուհերի հետ առկա միջազգային հաջողված ծրագրերից, ուսանողների և դասախոսների փոխանակման գործընթացներից:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են փոխայցելություններ և նմանօրինակ հանդիպումներ ավելի հաճախ կազմակերպել, ինչպես նաև ակտիվ կապ ունենալ առցանց հարթակում:


























Comments