top of page

Երաշտ կա, ինչը միայն կառավարության թերի աշխատանքի արդյունքն է․ Հրաչ Բերբերյան

Jun 28, 2021
1 min read


Այս տարի մենք բավարար տեղումներ, ձյան շերտ ենք ունեցել, բայց երաշտ կա, ինչը միայն կառավարության թերի աշխատանքի արդյունքն է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Ագրարարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։

«Եթե 25 օր տեղումներ չեն լինում, միջազգային նորմերով կառավարությունը պետք է երաշտ հայտարարի, ինչը համառորեն չի անում։ Տիգրան Ավինյանը գնում է Շիրակի գոտի, ասում, որ վաղը ջուր կլինի ու փախչում գալիս է։ Ջրամբարներն էլ չեն լցրել։ Իսկ ամենակարևորն այն է, որ ոչ թե ջուր չի եղել, այլ ՀԷԿ-երն են աշխատել գարնանը և ձմռանը, և այդ ջուրն Ախուրյանի ջրամբարով գնացել է Թուրքիա։ Այսինքն` մեր իշխանություններն ամեն ինչ անում են, որ Թուրքիայի հողերը ոռոգեն»,- նշեց Հրաչ Բերբերյանը։

Վերջինս համոզված է՝ եթե իշխանությունները լավ կազմակերպեին, եթե ջրբաշխները ճիշտ աշխատեին, այսօր այս խնդիրը չէր լինի։ Հրաչ Բերբերյանը նաև նշում է, որ ջրամբարներից մեկում այնքան քիչ ջուր է մնացել, որ ձկներն էլ հետն են գալիս։

Ինչ վերաբերում է երաշտի հետևանքներին՝ Հրաչ Բերբերյանը նկատել է՝ եթե Ղարաբաղում կորցրեցինք մոտ 100 հազար տոննա ցորենի բերք, հիմա այդքան էլ կկորցնենք այս երաշտի պայմաններում։

«Շիրակի գոտում ցորենի մոտ 40 տոկոսն անմխիթար վիճակում է։ Ցորենի ու գարու դաշտերը չորացել են։ Կարտոֆիլը տեղ-տեղ 30-40 տոկոս է չորացել։ Լուրջ վտանգ ունենք Գեղարքունիքում։ Թող մարզպետները բարի լինեն իրենց մարզով զբաղվեն, այլ ոչ թե գյուղապետներին կանչեն ու շանտաժ անեն։ Լուրջ խնդիր է, աշնանը կտեսնենք գների վիճակը, իսկ ցորենի ներկրումը Հայաստանում 200 հազար տոննայով կավելանա»,- նշեց Հրաչ Բերբերյանը։

Վերջինս հավելեց՝ այս տարի տեղումները բավարար են եղել։ Գարնանն այնքան շատ էին տեղումները, որ նույնիսկ Սևանի մակերեսը բարձրացավ.

«Ու՞ր է անհետացել այդ ջուրը։ Ու՞մ գրպանն է գումարի տեսքով լցվել»,- հավելեց Հրաչ Բերբերյանը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page