Լավրովը մեզ համար կարևոր հարցերը խաղաղության համար սպառնալիք է համարում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- May 6, 2021
- 1 min read

Լավրովի այցի ու քննարկված հարցերի վերաբերյալ mediahub-ի լրագրողը պարզաբանումն է ստացել քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանից։
Ըստ քաղաքագետի, հանդիպման օրակարգում եղել է և՛ Արցախի հիմնահարցը, և՛ ռազմագերիների վերադարձի հարցը ցավոք սրտի, միջազգային տարբեր կառույցների կողմից, ինչպես նաև Լավրովի կողմից, ռազմագերիները կոչվում են ձերբակալվածներ։
«Ակնհայտ է, որ քննարկվել է կոմունիկացիոն ճանապարհների և դրանց ստացման հնարավորությունները, ցավոք, դատելով Լավրովի պատասխաններից՝ Արցախի կարգավիճակի մասին համապարփակ լուծման հարցը այս պահի դրությամբ ռուսական դիվանագիտության կողմից դիտարկվում է որպես խաղաղ բանակցություններին սպառնալիք հանդիսացող գործընթաց, որը նույնպես մտահոգիչ գնահատական է։ Փաստացի Ռուսաստանը կոմունիկացիոն խնդիրները և մնացած այլ հարցեր թողնում է ապագային, ընդ որում կար քննադատություն՝ ուղղված ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, ովքեր երեկ իրենց հայտարարության մեջ կոչ էին արել լուծել Արցախի կարգավիճակի հարցը։ Իմ կարծիքով Լավրովի գնահատականներից տեսնում ենք, որ մեր պետական շահերից և անվտանգության տեսակետից ոչ նշանակալից հարցեր են քննարկվել»,- ասել է Մելիք-Շահնազարյանը, ապա հավելել, որ այս իշխանությունների գործունեությունից ավել բան չէր սպասում, հակառակը, պարզ էր, որ սրանք միայն զիջում են ու նրանց պաշտոնավարումը, ըստ էության, միայն վնասներ է բերում։ Այսօր տեսանք վնասներից մեկը, որ դաշնակից պետության ներկայացուցիչը, ըստ էության, մեզ համար կարևորություն ունեցող հարցերը դասում է այն հարցերի թվին, որոնք կարող են սպառնալիք հանդիսանալ խաղաղության պահպանման համար։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով երեկ ժամանել է Հայասատան։ Այսօր Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արա Այվազյանը ընդունել է Սերգեյ Լավրովին։ Հանդիպման ժամանակ կողմերը անդրադարձել են Արցախի կարգավիճակին և հայ ռազմագերիների հարցին։
Լավրովը նախատեսում է հանդիպել նաև Ադրբեջանի արտգործնախարարի հետ։
Comentarios