Հունաստանի վարչապետը հայտնել է երկրի տարբեր շրջաններում մի քանի օրում 586 հրդեհի բռնկվելու մասին
Հունաստանում արդեն մի քանի օր է ինչ մոլեգնում են լայնածավալ հրդեհները. երկրի տարբեր շրջաններում բռնկվել է 586 հրդեհ: Այդ մասին՝ դիմելով ժողովրդին, հայտնել է երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը:
«Վերջին օրերը մեր երկրի համար ամենածանրերից մեկն են եղել վերջին տասնամյակներում: Մենք շարունակում ենք պայքարել կրակի դեմ: Բայց մեր առջև աննախադեպ մասշտաբների տարերային աղետ է. մի քանի օրում Հունաստանի բոլոր անկյուններում 586 հրդեհ է բռնկվել։ Այս հրդեհները, որոնք առաջացել են անոմալ շոգի ու երկար ամիսների երաշտից հետո, շատ դժվար է մարել»,- նշել Միցոտակիսը:
Նա շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք իրենց օգնությունն են առաջարկել Հունաստանում բնական հրդեհների դեմ պայքարում:
Ազգային պարկեր, անտառներ ու բնության գիրկ գնալու արգելքը Հունաստանում երկարացվել է մինչև օգոստոսի 13-ը:
Comments