Ի՞նչ եղանակ է սպասվում նոյեմբերին․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն
- Nov 3, 2021
- 2 min read

Նոյեմբերին շարունակում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Արևափայլի տևողությունը ամսվա ընթացքում կազմում է 120-160 ժամ: Պարզ օրերի թիվը զգալիորեն պակասում է (5-6օր): Այդ մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Նոյեմբերին հանրապետության տարածքում ամսական միջին ջերմաստիճանը 1.5⁰C է: Համեմատաբար տաք է նոյեմբերի առաջին տասնօրյակը (տասնօրյակային միջին ջերմաստիճանը` 4⁰C), երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը հանրապետությունում բացասական է` -0.5⁰C, երկրորդ տասնօրյակի վերջին լեռնային առանձին շրջաններում տեղի է ունենում ջերմաստիճանի անցում 0⁰C-ից ցածր, որը բնորոշում է ձմռան սկիզբը: Ամենաբարձր ամսական միջին ջերմաստիճանը գրանցվում է Մեղրիում` 9.5⁰C, այն բարձր է նաև հյուսիս-արևելքում (Բագրատաշեն` 6.9⁰C, Իջևան` 7.1⁰C), Արարատյան դաշտում (Երևան 6.5⁰C, Արմավիր 5.6⁰C): Առավելագույն ջերմաստիճանը այդ շրջաններում կարող է հասնել մինչև 22-30⁰C: Ամսական միջին ջերմաստիճանը ցածր է 2000մ-ից բարձր շրջաններում (Աշոցք՝ -1.8⁰C), նվազագույն ջերմաստիճանը լեռնային առանձին շրջաններում հասնում է -27⁰C (Աշոցք, Գավառ, Սիսիան), Արմավիրում` -17⁰C, Մեղրիում` -7⁰C: Երևանում նոյեմբերին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է 1948թ.` -17⁰C:
Նոյեմբեր ամսին առավել տաք եղանակ է դիտվել 1966, 1970, 1998, 2012թթ., իսկ 1973, 1978, 1996, 2001,2011թթ. հանրապետությունում գրանցվել են ցածր ջերմաստիճաններ, հովտային շրջաններում ջերմաստիճանը հասել է -6…-12⁰C:
Տեղումների քանակը հոկտեմբերի համեմատ պակաս է և կազմում է 41մմ: Ավելի շատ տեղումներ դիտվում են լեռնային շրջաններում` 60մմ, իսկ ամենից քիչ Արարատյան դաշտում` 20-30մմ: Տեղումնառատ են եղել 1973, 1986, 1994,2008,2014 թվականները, երբ տեղումների քանակը գերազանցել է նորման 2-3 անգամ: Սակայն եղել են չորային տարիներ 1996թ., 2010թ., երբ նոյեմբերին ընդհանրապես տեղումներ չեն դիտվել: Ամսվա կեսերին հանրապետության բարձր լեռնային շրջաններում առաջանում է կայուն ձյան ծածկ (ձյան շերտի բարձրությունը հասնում է 5-10սմ): Առանձին տարիների այն կարող է առաջանալ ամսվա սկզբին: Նոյեմբերին հանրապետության ամբողջ տարածքում առաջանում է բարձր ճնշման դաշտ և հաստատվում է քամու ձմեռային ռեժիմ` գերակշռում է անդորրը, միայն բարձր լեռնային շրջաններում և լեռնանցքներում քամու արագությունը մեծանում է, միջինը հասնելով մինչև 5-7մ/վրկ, իսկ առավելագույնը` 20-30 մ/վրկ (Պուշկինի, Սիսիանի լ/ք):
Նոյեմբերին կտրուկ մեծանում է մառախլապատ օրերի թիվը, հատկապես լեռնանցքներում` 25 օր: Մառախուղ առավել հաճախ դիտվում է առավոտյան ժամերին: Մանրամասները՝ այստեղ։


























Comments