top of page

Իրանը դե ֆակտո վերածվում է Հայաստանի անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավորի

  • Oct 4, 2021
  • 2 min read


Հայաստանը երբեք ներքաշված չի եղել և երբեք չի ներքաշվի դավադրության մեջ՝ ընդդեմ Իրանի, որովհետև ՀՀ-ի համար այդ հարաբերությունները չափազանց կարևոր են, և Հայաստանում երբեք չեն մոռանա, որ 90-ականների սկզբին Իրանը ՀՀ-ի համար եղել է «կյանքի ճանապարհ»։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Ի պատասխան Թեհրանի՝ իրանական զորավարժություններին և թուրք-ադրբեջանական տանդեմին ուղղված նախազգուշացումներին՝ Երևանից կարևոր մեսիջ է ուղղվում բարեկամ և դաշնակից Իրանին՝ Հայաստանը երբեք չի վերածվելու հակաիրանական պլացդարմի: Իրանը Հայաստանի համար ռազմավարական դաշնակից է՝ իրանական զորավարժությունների շնորհիվ Անկարայի և Բաքվի «տաք գլուխները» սթափվեցին: Նշենք, որ Իրանի համար Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու Սյունիքի կայունությունը նույնքան կարևոր են, որքան Իրանի տարածքային ամբողջականությունը:


Իրանը հասկացել է, որ թուրք-ադրբեջանական ուժերը կարող են փորձել ռազմական ուժի կիրառմամբ կամ սպառնալիքով Հայաստանից կորզել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»: Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության միանշանակ հստակ ու վերջնագիր հիշեցնող մեսիջները՝ ուղղված Թուրքիա-Ադրբեջան դաշինքին, սթափեցնող էին:


Այսպիսով, Իրանը դե ֆակտո վերածվում է Հայաստանի անվտանգության, տարածքային ամբողջականության երաշխավորներից մեկի՝ ՌԴ-ի հետ միասին: Հայաստանը պետք է խորացնի Իրանի հետ ռազմաքաղաքական, տնտեսական կապերը՝ հարաբերությունների որակը բարձրացնելով նոր մակարդակի: Իրանի մեսիջները՝ ուղղված Անկարային և Բաքվին, իհարկե, նպատակ ունեն առաջին հերթին պաշտպանել իրանական գեոպոլիտիկ շահերը․ Իրանը չի ցանկանում կորցնել Հայաստանի հետ ընդհանուր սահմանը, ինչը հղի է լրջագույն վտանգներով Իրանական Ադրբեջանի համար:


Անկարայի և Բաքվի պանթուրքիստները տարածքային նկրտումներ ունեն Իրանի թյուրքախոս շրջանների նկատմամբ՝ Մեծ Թուրան կառուցելու ռազմավարությունից ելնելով:


Իրանի հայտարարություններից հետո Անկարան և Բաքուն որոշել են face-saving անել՝ պահպանել սեփական դեմքը և ցույց չտալ, որ նրանք վախենում են Իրանից: Ադրբեջանն ու Թուրքիան կանցկացնեն համատեղ զորավարժություններ Հայաստանի հետ սահմանին՝ Նախիջևանում, հոկտեմբերի 5-8-ը:


Բաքուն, փաստացի, դիմում է իր «մեծ եղբայր» Թուրքիայի աջակցությանը՝ հասկանալով, որ միայնակ չի կարող դիմադրել իրանական ռազմական ներուժին: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, և թուրք-իրանական հնարավոր բախումը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-Իրան, Արևմուտք-Իրան լայնածավալ պատերազմի, ինչը չի բխում ո՛չ Իրանի, ո՛չ Արևմուտքի երկարաժամկետ շահերից: Հիշեցնենք, որ Արևմուտքը հետաքրքրված է իրանական նավթագազային ռեսուրսներով՝ որպես այլընտրանք ռուսական էներգակիրներին:


Արտյոմ Բալասանով

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page