Փաշինյանը և Ռայիսին քննարկել են հայ-իրանական համագործակցությունը. Իրանի նախագահը կայցելի Հայաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն։ Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո վարչապետն ուղեւորվել է Իրանի նախագահի նստավայր, որտեղ նրան դիմավորել է ԻԻՀ նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության կայքում:
Հանդիպմանն Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին հրավերն ընդունելու եւ աշխատանքային այցով Իրան ժամանելու համար՝ հավելելով, որ Իրանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումը։
Հայաստանի և Իրանի ղեկավարները քննարկել են առեւտրատնտեսական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, զրուցակիցներն այս ոլորտում փոխգործակցությունը զարգացնելու խթան են համարել Մեղրիի ազատ տնտեսական գոտու ակտիվ գործունեության ապահովումն ու ԵԱՏՄ-ի հետ Իրանի ազատ առևտրի ռեժիմի կիրառման հնարավորությունը։ Կողմերն առաջնային են համարել տարածաշրջանային կապուղիների զարգացումը, որտեղ առանցքային նշանակություն կունենա Պարսից ծոցից Սև ծով տրանսպորտային եւ մալուխային կապի զարգացումը։
Նիկոլ Փաշինյանը ողջունել է իրանական կողմի հետաքրքրվածությունը Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագրի շուրջ և հավելել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել Իրանի շինարարական ընկերությունների մասնակցությունը վերը նշված ծրագրի՝ Սիսիան-Մեղրի հատվածի համար հայտարարվելիք միջազգային տենդերին։
Comments